Խոջան արտաքինով, անշուշտ և ներքինով, պրիստավի հակապատկերն էր։ Դա մի գիրուկ, կարճահասակ մարդ էր, արևահար դեմքով, մանր ու շարժուն աչքերով, որոնց կոպերը՝ արտևանունքներից զուրկ լինելուց զատ, խիստ կարմիր էին և նրա հայացքին տալիս էին ոչ միայն խորամանկ, այլև լպիրշ արտահայտություն։ Կարճ, քիչ ջարդված քիթը, որ անշուշտ յուր անցյալ պատմությունն ուներ, և սուր կզակի վրա, տեղ-տեղ միայն բուսած, նոսր ու գորշ մորուքը, լրացնում էին նրա դեմքի տգեղությունը, որ յուր մեջ ուներ նաև մի ժանտ գիծ, որից ռամիկը կամա ակամա պիտի վախենար։
Պրիստավը խոսում էր այնպիսի մարդկանց հետ, որոնք եկել էին Սայու համար նրա օգնությունը հայցելու, դրանց թվումն էր և տանուտերը։
Մինչդեռ պարտապան Սային, որ աղքատ հագնված, նիհար, և ինչպես ասում են, մազն երեսին չորացած մի ծերուկ էր, մորթե գդակը կռան տակն առած և մեջքը սրահի սյունին հենած խեղճ ու կրակ նայում էր մեկ պաշտոնյային, մեկ խոսող մարդկանց, առանց մի բառ արտասանել կարողոնալու և ապա հայացքը ձգում յուր վերջին հույս ու ապավեն ձիուն ու մի հատ կովին, որ գոմից դուրս հանած, պատրաստվում էին առաջինը վեր գրել, իբրև արժեքավոր իրեր:
Սայու կինը ցնցոտիների մեջ փաթաթված, ձեռքերը խաչած, կանգնած էր կովի մոտ, իսկ նորա կողքին գտնվում էին յուր մեռած որդու երկու մանկահասակ, նիհար, կիսամերկ և բոկոտն որբուկները, մի տղա և մի աղջիկ, որոնք վախեցած աչքերով և մանկական հուսահատությամբ նայում էին մերթ խոսող պաշտոնյային, մերթ պարտատեր Խոջին, որ յուր ժանտ դեմքով, սրածայր գդակով և մահուդից կտրած երկար կապայով նրանց աչքին, այդ րոպեին, թվում էր իբրև մինն այն դևերից, որոնց մասին իրենք լսել էին հեքիաթներ պապից կամ տատից։
Մտնելով Սայու բակը, Կամսարյանն ուղղակի դիմեց պրիստավին և հայտնելով նրան յուր անունն ու ազգանունը, խնդրեց ծանոթանալ։