Վերջինս սիրով ընդունեց այդ ծանոթությունը և ուրախություն հայտնեց, որ Չիբուխլուի նման մի հետ ընկած անկյունում պատահում է պարոնի նման մի երիտասարդի, ուստի խոսակիցներից հեռանալով, սկսավ զրուցել վերջինի հետ։
Պետրոսն առանց ուշացնելու, հայտնեց պաշտոնյային յուր նպատակը, որ էր օգնել գյուղացուն, դժար կացությունից ելնելու։
— Դուք, երևի, կամենում եք նրա պարտքն առնել ձեր վրա՛,— հարցրեց պաշտոնյան, լավ չըմբռնելով Կամարյանի խոսածը։
— Ոչ, ես իմացա, որ պարտատիրոջ պահանջն անարդար է, այդ պատճառով կամենում եմ, որ մասնավոր կարգով քննության առնենք այդ խնդիրը։
— Այդպիսի քննության ես, դժբախտաբար, չեմ կարող մասնակցել և դա գործնական հետևանք էլ չի ունենալ։ Որովհետև պարտատերը ներկայացրել է ինձ դատարանից առած օրինավոր հրամանագիր (կատարողական թերթ) և հայտնելով, որ պարտապանը հոժարությամբ չէ վճարում յուր պարտքը, պահանջում է վեր գրել նրա ստացվածքը և աճուրդով վաճառել. ես չեմ կարող օրենքի հրամանը չկատարել։
— Ես ինքս իրավաբան եմ, և այդ ամենը գիտեմ։ Օրենքի հակառակ ոչինչ չեմ առաջարկիլ։ Այս մեկն եմ միայն խնդրում, որ ժամանակ տաք ինձ այս մարդու հետ խոսելու։ Սրա պահանջը հիմնված է հայտնի խարդախության վյրա, որի համար քրեական պատժական օրենքը սպառնում է հանցավորին իրավունքների զրկանք և բանտարկություն։
— Ի՛նչ խարդախություն կարող է լինել, նա դատարանին ներկայացրել է 131 ռուբլու օրինավոր մուրհակ և այդքան գումարի էլ հրամանագիր առել։
— Բայց գյուղացին պարտ չէ նրան այդքան։
— Գուցե, այսուամենայնիվ, ես իրավունք չունեմ այդ իմանալու։