— Բայց ես խոսում եմ ձեզ հետ ոչ իբրև պաշտոնական անձի, այլ իբրև ճշմարտության նախանձախնդիր բարեկամի հետ։
— Համեցեք, ես ձեզ լսում եմ։
— Գյուղացին այս մարդուց չորս տարի առաջ ստացել է միայն 20 ռուբլի։ Այդ քսան ռուբլին այսօր դարձել է 131։ Այս հանելուկը չէ՞ հետաքրքրում ձեզ։
— Չափազանց։ 20 ռուբլին ինչպե՞ս կարող է չորս տարվա ընթացքում դառնալ 131։
— Այ, հենց ես էլ այդ եմ ուզում հարցնել պարտատերից։
— Հարցրեք, իմացեք, դա հետաքրքրական է։
Խոջան, որ մի փոքր հեռու կանգնած դիտում էր խոսակիցներին և վատ բան գուշակում վարժ ռուսերեն խոսող երիտասարդի ներկայությունից, իբրև իրավատեր շտապեց միջամտել, ձայնը բարձրացնելով դիմեց պաշտոնյային և յուր աղճատած ռուսերենով ասաց.
— Ղասպատին պրիստավ, դեն կոնչիլսա, իդի, պիշի, դա՛։
Ուզում էր ասել, պարոն պրիստավ, օրը մթնում է, արի՛, վեր գրի, վերջացրու։
Պաշտոնյան չպատասխանեց և նրա փոխարեն Կամսարյանն առաջանալով հարցրեց.
— Ի՞նչ է քո պահանջը այս մարդուց։
— Իմ պահանջն ինչ որ ա, էն ա գրած ա սպոլնի լիստումը,− պատասխանեց Խոջան փորձառու դատախազի հավակնությամբ։
— Այնտեղ գրված է, որ սա պարտ է քեզ 131 ռուբլի։ Բայց մի՞թե ճիշտ է այդ։
— Բա որ ճիշտ չըլի, կգրե՞ն, քո ասիլով դատարանը սո՞ւտ ա խոսում,— նկատեց Խոջան, չարախնդիր մարդու նենգամտությամբ։
— Դատարանը սուտ չի խոսիլ, բայց դու ա՛յն ասա, այս մարդուն 131 ռուբլի՞ ես տվել։
— Բա չե՞մ տվել։