Այս էջը հաստատված է


ՌՈՒԶԱՆ.— Եվ երանի՜, թե նա ուրախ լուր բերե։

ՋԱԼԱԼ.— (վերկենալով տեղից) Աստծո օգնությամբ ուրախլուր կբերե։ Միայն թե դու քեզ հանգիստ պահիր այժմ և ազատ եղիր ամեն հոգսերից։ Ներսեհը, հույս ունիմ, կվերադառնա հաղթությամբ։ Եվ որպեսզի հակառակորդները ժամանակ չունենան գործելու, ես քո ձեռը հանդիսաբար կհանձնեմ իշխանին, հե՛նց որ նա հաղթանակով մուտ կգործե այստեղ։
ՌՈՒԶԱՆ.— Ահ, շնորհակալ եմ, հայր իմ։ (Համբուրում է ձեռը) Դու անսահման բարի ես դեպի քո դուստրը։
ՋԱԼԱԼ.— Կատարում եմ իմ պարտքը, որդյակ, միայն իմպարտքը։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ Բ



Ռուզան (միայնակ)


Այժմ ամեն ինչ պարզ է ինձ համար։ Այս լուրը հնարված էր։ Ես այդ պիտի գուշակեի Համտունի անսպաս այցելությունից և զուր տեղը չանհանգստացնեի հորս, բայց չկարողացա։ Ես հանցավոր չեմ։ Երբ մարդ ունի այդպիսի գանձ, որի պահպանության համար դողում է ամեն վայրկյան, այն ժամանակ հողմի շունչն իսկ թունդ է հանում նրա սիրտը։ Այո՛, այսպես է։ Իմ աննման իշխանի սերը դարձրել է ինձ կասկածոտ... բայց, աստված իմ, այս ի՞նչ նորություն էր, որ հայրս հաղորդեց։ Ուրեմն Ներսեհը կանգնած է այժմ թշնամու դեմ... կամ գուցե արդեն կռվում է նրա հետ... իսկ եթե հանկարծ մի նետ' ապիրատ ձեռքից արձակված՝ գա և զարկե նրա գեղալանջ կրծքին... եթե հանկարծ մի տեգ նրա կողը մեխվի, կամ մի դարանակալ սուր նրա արևը խավարե ... Օ՜, այն ժամանակ... բայց ոչ. հեռո՜ւ ինձանից վեհերոտ մտքեր. արդար գործին աստված ինքն է առաջնորդում նրա աջը կպաշտպանե խաչի զինվորներին...