Այս էջը հաստատված է

— Դուք, պարոն պրիստավ, խնդրեմ իբրև դատարանի պաշտոնյա, վկա լինիք, որ այս մարդը, ձեր և ժողովրդի ներկայությամբ ասաց և հաստատեց, որ ինքը հարյուրին ստանում է վաթսուն տոկոս:

— Ուրախությամբ, ուրախությամբ,— համաձայնեց պաշտոնյան:

— էդ ի՞նչ ա է՞, խի՞ չեք թողնում, որ էդ մարդը իրա գործը վերջացնի,— հարցրեց Խոջան, գուշակելով, որ մի ինչ-որ վատ բան է պատրաստվում իրա համար:

— Ի՞նչ է, այ իսկույն կասեմ։ Բայց թող մի ես էլ քո ասած ձևով հաշվեմ ու տեսնեմ թե արդյո՛ք մանեթին հինգ կոպեկ է գալի՞ թե ավել...

— Դրուստ ա, աղբեր, դրուստ. ես խաբող մարդ չեմ. էս սաղ մհալը գիտա թե Խոջա Միրզան ի՛նչ մարդ ա։

— Հա, ով ինչ է ասում. բայց թող մի հաշվենք... Այս ասելով Կամսարյանն սկսավ հաշվել, 20 ոուբւին 60 կոպեկով մի տարումը կբերի 12 ռուբլի: Ճիշտ է: 12 և 20 կլինի 32։ Այդ 32 ռուբլին մյուս տարումը կբերի 19 ռ. 20 կոպեկ։ Ուրեմն երկու տարումը քո փողը կդառնա 51 ռ. 20 կոպ.։ Ճիշտ է։ Այդ 51 ռ. 20 կոպեկն էլ երրորդ տարումը կբերի շահ 30 ռ. 72 կ., երկուսը միասին' կլինին 81 ռ. 72 կ.: Բարի։ Այդ 81 ռ. 72 կոպեկը չորրորդ տարում կտան տոկոս 49 ռ․ 15 կոպեկ։ Ուրեմն բոլորը միասին 131 ռ. 7 կոպեկ։ Շատ ճիշտ է, Խոջա,— ասաց Կամսարյանը հեգնելով։

— Բա որ ասում եմ,— պարծեցավ Խոջան յուր ճշտությամբ և մեջքն ուղղելով հանգիստ շունչ առավ։

Սայու և յուր պաշտպանների վրա կարծես ջուր մաղվեց,

— Բայց գիտե՛ս ինչ կա,— նորեն խոսեց Կամսարյանը։

— Ի՛նչ։

— Ահա պրիստավի և բոլոր ժողովրդի ներկայությամբ հաստատվեց, որ դու պարապում ես անխիղճ վաշխառությամբ, այսինքն ժողովրդից առնում ես այնպիսի մեծ տոկոս, որն օրենքը արգիլելով արգելում է։