100-ին 60 կոպեկ շահ առնելը այնպիսի հանցանք է, որ օրենքր դրա համար կպատժի քեզ զրկելով որոշ իրավունքներից և բանտարկելով մեկից մինչև երկու տարի։ Հիմի դու կարող ես, եթե ուզում ես, վեր գրել տալ այս մարդու կովն ու ձին, բայց ես թույլ չեմ տալ, որ դու նրանց ծախես։ Ահա՛, հենց այսօր ես խրնդիր կգրեմ Սայու կողմից և իմ ձեռքով կհասցնեմ պրոկուրորին։ Գործը կերթա դատարան։ Ես այնտեղ կպաշտպանեմ Սայու իրավունքը, իսկ պրոկուրորը կմեղադրե քեզ։ Սային յուր կովն ու ձին հետ կստանա, իսկ դու կնստես բանտում։ Այնուհետև հազարներ էլ որ ծախսես, չես կարող ազատվել։ Այդպե՞ս է, թե ոչ, Վասիլ Իվանիչ,— դարձավ պաշտոնյային։
Վերջինս, որ ոչինչ չէր հասկացել Պետրոսի հայերեն խոսածներից, հարցրեց․
— Ի՜նչն է այդպես։
Կամսարյանը կրկնեց յուր խոսածները ռուսերեն։
— Այո՛, այդպես է. օրենքը ծանր պատիժ է տալիս վաշխառուներին, իսկ ձերը նույնպես վաշխառություն է,— հաստատեց պաշտոնյան։
Խոջայի գույնը երկյուղից թռավ։ Նա ձայնը ցածրացնելով ասաց.
— Աղբեր, ընչի՞ եք ուզում ինձ վնաս տալ։ Ախար ես լավություն եմ արել, վատություն հո չե՞մ արել։ Մարդը սոված ա էլել, փող եմ տվել, սերմացու ա առել, ցանել ա, հնձել ա, չորս տարի ապրել ա...
— Սերմացուի փող ես տվել, որ հիմա գաս կովն ու ձին հափշտակե՞ս,— ընդհատեց Պետրոսը զայրացած․— ախար քո տվածից ու նրա տոկոսից ավելի արժե հենց միայն այս կովը, հապա ձի՞ն ուր ես տանում։
— Դե ո՞ւր ա, որ տանում եմ, ասում եք, ես էլ թողիլ չեմ որ վեր գրի. բերեք իմ փողը տվեք, անց կենամ գնամ։
— Չէ, դու փող չես ստանալ։ Քոնն այս կովն ու ձին են, վեր գրել տուր, տար, եթե կարող ես։ Մենք էլ հետո մեր գիտցածը կանենք։
— Չեմ ուզում, աղբեր, երեսուն մանեթը բաշխում եմ, իմ հարյուր մանեթը տվեք, վեր կենամ, գնամ։