Այս էջը հաստատված է


— Քեզ հասանելիքը 28 ռուբլի է, եթե ուզում ես, ստացիր և գործը վերջացրու, եթե ոչ, պատրաստվիր, որ տարի ու կես բերդումը նստես։

— Աղբեր, խի՞ եք տունս քանդում, բա ես մեղք չե՞մ… ախար ես էլ մարդ եմ, տուն ունեմ, տեղ ունեմ, օղլուշաղ ու էրեխեք ունեմ… Աստծո վեր չունիլ, որ իմ հալալ աշխատած փողը ձեռքիցս խլում եք…— աղաչավոր ձայնով խոսում էր Խոջան և պատրաստվում կարծես լաց լինելու։

— Ի՞նչ Է պատահել,— հարցրեց պրիստավը, տեսնելով, որ Խոջան խոսում է լալաձայն։

— Ոչինչ, վաշխառուն այժմ դերասանություն է անում, — բացատրեց Կամսարյանը։

— Հա, հիմա ի՞նչ ես ասում, վե՞ր գրեմ թե ոչ, ուշանում ենք,— դիմեց պրիստավը Խոջային։

— Ո՛չ, ո՛չ, ես հաշտությամբ եմ ուզում վերջացնել, ուզում եմ լավություն անել,— շտապով հայտարարեց Խոջան, համոզված լինելով որ բացված խարդախությունը կարող է ցավ բերել յուր գլխին։

Մի թաքուն ուրախություն, որից դեռ անբաժան էր երկյուղի զգացմունքը, պաշարեց Սայուն։ Մինչդեռ ուստա Պետին ու տանուտերը Խոջայի նվաղած ձայնից արդեն գուշակելով, որ նրա բանը փթռուկ է, սկսան շտապեցնել վախճանը, ամեն կողմից համոզելով, որ Խոջան յուր ասած լավությունն անե, վերջացնե։

Բայց Կամսարյանը թույլ չտվավ, որ վերջինս մինչև իսկ «լավություն անելու» պատրվակով գործն ավարտելու մխիթարությունն ունենա:

— Այդպես մի՛ խոսեք և մի՛ սխալեցնեք ձեր լսողներին,— սաստեց նա Պետուն և մյուսներին։— Այս մարդը լավություն չէ անում։ Եթե մենք համաձայնենք, որ սա 28 ռուբլին ստանալով գործը խաղաղությամբ վերջացնե, այն ժամանակ մենք ենք լավություն անում սրան այլ ոչ թե ինքը մեզ։ Այդ պետք է սա իմանա, շնորհակալ լինի և խոստանա, որ այսուհետև ձեռք պիտի վերցնե յուր այս անպիտան ու վնասակար արհեստից: