Այս էջը հաստատված է

Հակառակ դեպքում, ես հենց այս երեկո կգրեմ իմ բողոքը և կուղարկեմ պրոկուրորին:

Մի քանի թեր և դեմ խոսքերից հետո, վերջապես Խոջան համաձայնեց ստանալ 28 ռուբլին, որից տասն ուներ Սային, ութը Պետին պարտք տվավ, իսկ մնացորդ տասը նվիրեց Կամսարյանը։

Երբ Խոջան ու պրիստավը հեռացան, իսկ տանուտերը գնաց ճանապարհ դնելու նրանց, Սայու կինը վազեց, ընկավ Պետրոսի ոտքերը և ուրախության արտասուքն աչքերին, սկսավ համբուրել նրա ծնկները և օրհնել նրան սրտաշարժ խոսքերով:

Հազիվ երիտասարդը բարձրացրեց կնոջը, մոտեցավ ծերուկ Սային, որ ուրախությունից համրացած չէր կարողանում խոսել, բայց դողդոջուն ձեռքերը բարձրացնելով աշխատում էր երիտասարդի գլուխը բռնել և համբուրել:

Կովի մոտ կանգնած փոքրիկ աղջիկը, մեծերի աղմուկին չմասնակցելով, գրկել էր հեզիկ կենդանու գլուխը և շարունակ նրա աչքերն ու դունչը համբուրելով, ասում էր ուրախ֊ուրախ.

— Հիշկա, մարալ ջան, էլ քե չեն տանելում, տյուն կացիր մեր կուշտ, քո հորթն էլ քո կուշտ... օխա՜յ, ինչ լավ է...

Իսկ եղբայրը, որ մինչ այն, ձիու կապը ձեռքին, կանգնած էր այդտեղ, այժմ ուրախությունից մյուս մարդկանց չտեսնելով, ճչում էր անընդհատ.

— Ճոճ պապ, ճոճ պապ, ձին իմա՞լ անեմ, իստեղ պախե՞մ, թե՞ թորգեմ էթա խոտին...

Կամսարյանին մյուս կողմից շրջապատել էին գյուղացիները և շնորհակալության տարափ էր, որ այս ու այն կողմից տեղում էին նրա գլխին։ Երիտասարդը շտապեց հեռանալ, փախչելով, համարյա, անվերջ շնորհակալիքներից:

Սակայն կատարված իրողության լուրը տարածվել էր գյուղում կայծակի արագությամբ․ ուստի ո՛ր կողմից էլ անցնում էր երիտասարդը, կանայք ու տղամարդիկ, կտուրների վրայից թե ցանկերի հետևից, օրհնում ու գովում էին նրան։