Այս էջը հաստատված է

Ախոռի սուր, անախորժ հոտը, տոգորված ավելի ևս անախորժ ջերմությամբ, դիպավ նրա քթին․ բայց այժմ արդեն Ժամանակը չէր թերություններ քննելու։ Պետրոսին հարկավոր էր մի ծածկարան անձրևից պատսպարվելու համար և նա, ահա, գտել էր այն։ Շտապ-շտապ փռելով անկողինը այդտեղ գտնվող թախտի վրա, նա դուռը փակեց ու պառկեց, կարծելով թե պիտի քնե։ Բայց չանցավ քառորդ ժամ և ախոռից փչող հոտը սկսավ անհանգստստացնել նրան։ Նա բացավ սենյակի դուռը և նորեն պառկեց։ Այժմ որովհետև դրսից եկող թարմ օդը շոյում էր նրա դեմքը, ուրեմն, կարող էր քնել։ Երիտասարդը փակեց աչքերը և աշխատեց մտածությունները հեռացնել իրանից, լավ իմանալով, որ քնել կարողանալու համար, ամենից առաջ ուղեղը պետք է քնացնել։ Բայց այդ էլ չօգնեց։ Որովհետև չէր անցել դեռ կես ժամ, որ նրան սկսան անհանգստացնել լվաները, որոնք հողե հատակ ունեցող և, մանավանդ փակ պահվող այդպիսի տեղերում վխտում են ամառը։ Երիտասարդն սկսավ շուռ ու մուռ գալ, աջ կողմի վրա պառկել, ձախի վրա փոխել, երբեմն էլ անկողնից ելնելով՝ շապիկը հանել ու թափ տալ, բայց իզուր։ Արյան ծարավի այդ լվաները, որոնք տավարը գոմից հեռացնելուց հետո զրկված էին բավարար կերակրից, վաղո՜ւց, շատ վաղո՜ւց սպասում էին այսպիսի մի համեղ որսի, այն էլ ի՜նչ որս..․ քաղաքացի, մաքրակենցաղ... Լվաներն, իհարկե, չգիտեին, որ Կամսարյանը համալսարանական է և իրավաբան. այդ պատճառով ծծում էին նրա արյունը անգթաբար, առանց դատավորից կամ դատաստանից վախենալու։

Այսպես անցան մի երկու ժամեր, բայց ի՜նչ ժամեր..․ պետք էր Կամսարյանի տեղը լինել՝ հասկանալ կարենալու համար թե, որպիսի՜ տանջանքի ու նահատակության ժամեր էին դրանք։ Եվ եթե դուք, ո՛վ համալսարանական ընկերներ, որոնք ոգևորվող Կամսարյանի խոստումը լսելուց նրան ծափահարել և ձեռքերի վրա օդն էիք բարձրացրել, գտնվում լինեիք այդ վայրկենին նույն հոտած ախոռին կից սենյակում և տեսնեիք նրա անլուր տանջանքը, անպատճառ կասեիք,— թո՛ղ եղբայր, ի՞նչ ես տանջում քեզ... վեր կաց, հավաքիր իրերդ, գնա այնտեղ, ուր մարդիկ ապրում են իսկական մարդո՛ւ և ոչ անասունի նման։