Այս էջը հաստատված է

Բայց իմ հայրը, տեր աստված, որքա՞ն վշտերով, որպիսի՜ հոգսերով ծանրաբեռնված է եղել և այս ամենը ինչպե՜ս ծածկել է ինձանից... Եվ ինչո՞ւ, չեմ հասկանում, մի՞թե ես այս գերդաստանի անդամը չէի և չի պիտի գիտենայի թե' ինչե՞ր են գործվում իմ հոր իշխանության մեջ, իմ տանը, իմ շուրջը. ինչո՞ւ, պիտի ծիծաղեի ես այն ժամանակ, երբ իմ հոր սիրտը արտասվում էր թաքուն... մի՞թե ես նրան չէի՜ կարող օգնել, մի՞թե ես ոչինչ չէի՞ կարող զոհել... (Լսվում է շշուկ և՛ գալարափողի ձայն, Ռուզանը դիմում է դեպի պատուհանը): Այս ի՞նչ ձայներ են...


ՏԵՍԻԼ Գ
Նույն և Շանույշ


ՇՆՈՒՅՇ. — (շտապով ներս վազելով) Տիրուհի՛, ուրախ լուր...
ՌՈՒԶԱՆ.— Ի՞նչ կա, Շանույշ. ի՞նչ աղմուկ է այս։
ՇԱՆՈՒՅՇ.— (ուրախությունից շնչասպառ) Ներսեհ իշխանը, տիրուհի...
ՌՈՒԶԱՆ.- (շտապով ընդհատելով) Ի՞նչ, նա եկա՞վ... (Անհանգիստ): Ասա շուտ, նա եկա՞վ...
ՇԱՆՈՒՅՇ.— Այո', տիրուհի. փողերը նրա գալուստն են ավետում:
ՌՈՒԶԱՆ.— (խնդագին) Ա՜հ, աստված իմ. շնորհակալ եմ քեզանից, դու երջանկության նոր աղբյուր բացիր ինձ. (դառնալով Շանույշին): Բայց ո՞ւր է նա, Շանույշ, չէ՞ գալիս ինձ մոտ...
ՇԱՆՈՒՅՇ.— Ահա, նա, տիրուհի։