Այս էջը հաստատված է


Բայց թե ի՞նչ էր խոսում ու մտածում այդ միջոցին ինքր Կամսարյանը, այդ մասին լավ է լռել, որպեսզի եթե երբևիցե նման ոգևորությամբ վառվին ուրիշ երիտասարդներ, նրանք անծանոթ մնա աոաջին ոգևորվողի հուսահատ տրտունջը։

Անտանելի ժամերի հետ միասին, վերջապես անցավ և անձրևը, դադարեց քամին և աղոթարանն սկսավ հետզհետե պարզվիլ ու բացվիլ։

Կամսարյանը որոշեք դուրս դալ յուր տանջարանից։ Բայց որովհետև սրահի առաստաղից դեռ կաթկթում էր ջուրը և, հետևապես, նրա տակ պառկել անհնարին էր, ուստի կիսով չափ հագնվելով, նա դուրս եկավ սրահը և այդտեղ դրված թախտը մի կերպ քաշելով տարավ բակը, ուր օդը թարմ և մաքուր էր։ Ապա անկողինն էլ ներսից հավաքելով, մի լավ թափ տվավ, որպեսզի անամոթ լուերին հալածե և նորեն փռելով թախտի վրա, մեջը մտավ ու պառկեց։ Դրսի թարմ օդն ու կրած նեղություններից զգացած հոգնությունը շուտով քուն բերին երիտասարդի աչքերին։

Խաղաղության հրեշտակը շատ անգամ անգործությունի՞ց, թե որոշ նպատակով, յուր խնամքին հանձնված մահկանացուների հետ կատակներ է անում։ Նա ծանր ու զարհուրելի երազներ է տալիս նրանց, որոնք արթնության ժամանակ շրջապատված են լինում կյանքի դյուրություններով և, ընդհակառակն, հեշտալի ու քաղցր երազներով գգվում է նրանց, որոնք արթնության միջոցին գտնվում են ծանր ու անհամբույր վիճակում։

Մեր Կամսարյանին էլ նա անուշ քուն տալուց հետո, տարավ հանկարծ Բորժnմ։

Օ՜հ, ի՜նչ երջանիկ հակադրություն։ Առավոտ է։ Փառաշեն վիլլայի պատուհանները ողողված են արևի պայծառ շողերով. բայց բաց կանաչ մետաքսյա վարագույրը չէ թողնում, որ նրանք թափանցեն ննջարանը, ուր այդ վայրկենին Պետրոս Կամսարյանը` անկողնու մեջ նստած, առավոտյան թեյն է վայեյլում։