Դա խանդակաթ բառաչն էր տանուտերի այն կովի, որին Սալբին կթելուց հետո բաց էր թողել յուր հորթին մոտենալու համար. իսկ անմիտ անասունը չհամբերելով այնքան, որ հասնի հորթուկին, շտապել էր ճամփի կիսից յուր զվարթ ձայնով ավետել նրան յուր գալուստը, առանց մտածելու, թե այդտեղ քնած Է Կամսարյանը, որ անուշ երազ Է տեսնում։
— Фу, что за безобразие,— բացականչեց երիտասարդը, այս անդամ արդեն ռուսերեն, և բարձրանալով տեղից, սկսավ շուտ-շուտ հագնվիլ։ Երբեք գյուղն ու գյուղացին այնքան զզվելի չէին երևացել Պետրոսի աչքում, որքան այս վայրկենին։ Այդ պատաճռով հենց որ տանուտերը երևաց, նա դիմեց նրան դժգոհությամբ.
— Ի սեր աստուծո, տա՛նուտեր, մարդ ղրկիր Սեմյոնովկա, որ շուտ տրոյկա բերեն (սայլակ), ես մինչև երկու Ժամը պիտի ճանապարհվեմ անպատճառ։
— Տրոյկը ուր որ ա, էս ա կխասնի, ես իրիկվան եմ ապսպրե...— ասաց տանուտերը և սկսավ հարցուփորձել, թե ինչպե՞ս Է պատահել, որ նա քնելու թախտը դուրս է բերել բակը, կամ անձրևի ժամանակ ո՞րտեղ է պատսպարվել։
Պետրոսը պատմեց յուր գլխին եկածը՝ դժգոհությամբ լի խոսքերով, որոնք ծանր ազդեցություն արին տանուտերի վրա։ Սա անկեղծ ցավ հայտնեց, որ չէ իմացել անձրևի գալը, ապա թե ոչ կարող էր հենց ներսի տանը քնելու տեղ պատրաստել երիտասարդի համար: Շատ բարկացավ նաև Սալբիի վրա, որ բաց էր թողել «անիծուկ կովը», իսկ սա յուր բառաչով խանգարել էր «աղի» անուշիկ քունը։
Հենց այս զրույցի և բացատրությանց ժամանակ լսվեցավ հեռվում փոստային սայլակի զանգի ղողանջը։
— Հրեն տրոյկը գալում ա, — ավետեց տանուտերը։
— Այդպես շո՞ւտ,— զարմացավ Կամսարյանը և ուրախանալով, որ վերջապես ազատվում է նեղություններից, յուր սրտում հաշտվեցավ բոլոր անցածի հետ, մոռանալով թե՛ անձրևը, թե՛ լվաները և թե՛ կովի բառաչը։