Այս նպատակով նա խնդրեց նաև հյուրանոցի տիրոջը՝ կանխավ պատրաստել տալ մատակարարին՝ ամենաընտիր ծաղիկներից մի թանկագին փունջ, «սիրելի մայրիկին» տանելու համար։
Հետևյալ օրը վաղ՝ Լիդիա Պավլովնան զբաղված էր գալիք հյուրերի համար սուրճ ու շոկոլադ պատրաստելով, կամ սեղանատանը՝ շաքարահացերի և այլ ուտելիքների սեղանն ու սպասը կարգավորելով։ Նա թեպետ ուրախ էր, որ յուր ծննդյան հիսուներկուերորդ տարեդարձը կատարում է հարուստ ու բախտավոր, շրջապատված դեռևս սիրելի ամուսնով, առողջ զավակներով, բայց մի մեծ պակաս ուներ յուր ուրախության մեջ. դա սիրելի Պետյայի բացակայությունն էր, որը հնար չկար ոչնչով փոխարինելու... Օ՛, ինչպե′ս կատարյալ կլիներ նրա ուրախությունը, եթե այսօր Պետյան գտնվում լիներ այն փայլուն հյուրերի հետ, որոնք շնորհավորության գալուց հետո, պիտի հրավիրվեին ճաշի Վարանցովի պարկում...
Դեռ այս մտածմունքների հետ էր Լիդիա Պավլովնան, երբ երեխաները մի շշուկ բարձրացրին վիլլայի ծաղկանոցում, որ գտնվում էր գետափնյա փողոցի վրա։ Նա դուրս թռավ իսկույն վարագույրներով զարդարուն փոքրիկ պատշգամը և այդտեղից իմացավ անակնկալ նորությունը։
— Իմ սիրելի Պետյան, իմ աննման որդին չի մոռացել յուր մոր ծննդյան օրը. նա գործը թողել, շտապել եկել է մայրիկին շնորհավորելու...— մտածեց իսկույն Լիդիա Պավլովնան և ուրախության արցունքը նրա աչքերը թրջեցին։
Պետրոսը դիմեց դեպի մայրը ուրախության ու գոհության ժպիտը երեսին և գրկելով ու համբուրելով նրան, շնորհավորեց ծննդյան տարեդարձը: Լիդիա Պավլովնան որդու բերած փունջը գտավ հրաշալի և գուշակեց, որ ոչ ոք ապագա շնորհավորողներից կարող է նմանը նվիրաբերել իրեն։
Պետրոսի գալով՝ Կամսարյանների վիլլան նոր փայլ ու շուք ստացավ։ Մեծ գոհունակությամբ լսեց այդ լուրը նաև Կիրիլ Կարպիչը, որ դահլիճի մի կողմը նստած' նարդ էր խաղում յուր հին բարեկամ Մարկ Իվանովիչ Մարկոզովի հետ։