Վերջինս, որ ծաղրում էր էտիկետի օրենքները, վառ առավոտից էր եկել տիկնոջը շնորհավորելու և տեսնելով նրան դեռևս պենյուարի մեջ, ասել էր, որ այդ շորը նրան ավելի է սազում, որովհետև նրա մեջ տիկինը ավելի է «թմփլիկ, կլորիկ»:
— Կուգեր, բաս չէ՞ր գա... կռոների մոտ հո չէր մնա,— նկատեց նա Լիդիա Պավլովնային, որ եկել էր ամուսնուն որդու գալուստն ավետելու։
— Եվ տես թե՝ ի՞նչ օր եկել է՜, հենց իմ ծննդյան օրը...
— Բանիդ կաց... ծնունդ էլ որ չէր էլել, էլի կուգեր...— շեշ ու չհար, Կիրիլ Կարպիչ, քարդ դիր...— շարունակեց խաղը Մարկ Իվանիչը, որ ուրախ բնության տեր ու կատակասեր մեկն էր:
Մի երկու ժամից արդեն բարեկամներն ու բարեկամուհիները գալիս էին շնորհավորելու: Կանայք ու տղամարդիկ, օրիորդներ ու երիտասարդներ, ոմանք զատ-զատ, ոմանք խմբովին, հետզհետե լցնում էին վիլլայի դահլիճն ու նրան կից վերանդան, որ զարդարված էր շքեղ վարագույրներով։ Հաճելի աղմուկով ներս ու դուրս էին անում մանավանդ երիտասարդուհիները, որոնց զրույցի մեծ մասն, առհասարակ, բաղկացած էր լինում ձայնարկություններից ու բացականչություններից:
Լիդիա Պավլովնան յուր գլուխը կկորցներ, եթե երիտասարդ որդին, որ քաջ կենցաղագետ էր, կարգով կանոնով ամենքին չընդուներ, հարկ եղած տեղը սիրով չժպտար, կամ ուր որ պետք էր, հաճոյախոսություն չաներ:
Ճիշտ հարմար ժամին, այսինքն ընդունելության տաք միջոցին, վիլլայի առաջ կանգ առավ Մարկոսյանների կառքը, որից տիկինն իջավ նազելով և, անպատճառ, սպասավորի օգնությամբ, մինչդեռ Ադելինան ներքև թռավ թեթև թռչունի պես։
Տեսնելով Պետրոսին դահլիճի դռան առաջ, ուր նա եկել էր իրենց դիմավորելու, օրիորդը բացականչեց.
— Դուք այստե′ղ... այս հրաշք է,— և նրա ձայնի արծաթյա հնչյունը ալիքներ տալով՝ անցավ դահլիճի մի ծայրից մյուսը։