Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Դ'
Ռուզան և Ներսեհ
(Ներս է մտնում Ներսեհը)


ՌՈԻԶԱՆ.— Ներսեհ, սիրեցյալդ իմ, այս որքա՜ն անհանգստություն պատճառեցիր ինձ։
ՆԵՐՍԵՀ.— Ներիˊր ինձ, բարի Ռուզան, որ մեր երջանկությունը ապահովելու համար՝ այս անգամ քեզանից գաղտուկ գործեցի։
ՌՈՒԶԱՆ.— Եվ եթե ավելի երկարեր բացակայությունդ, սրտիս տխրութենեն պիտի ընկճվեի։
ՆԵՐՍԵՀ..— Ա', մ՞իթե չգիտեիր թե՝ ուր էլ որ լինիմ, քեզ համար կապրիմ։
ՌՈՒԶԱՆ.— Այո , բայց պատերազմի դաշտո՞ւմ...
ՆԵՐՍԵՀ.— Պատերազմի դաշտո՞ւմ... о՜ , այնտեղ մեռնողը ապրում է ավելի՝ քան ամենից երկարակյացը աշխարհի մեջ։ Եվ կա՞ արդյոք մի կյանք ավելի փառապանծ, քան այն' որ ժառանգում է զինվորը՝ հայրենիքի համար մեռնելով։ Այո՛, Ռուզան, չկա նույնպես մի տեղ, ուր քաջի կուրծքը կարողանար շունչ քաշել այնպեˊս ազատ, ինչպես պատերազմի դաշտում, ուր բանակները կռվում են մահու և կյանքի դեմ... Չկա ավելի մեծ հաճույք՝ քան տեսնել հայ քաջերին արյունախանձ կատաղության մեջ՝ երբ բորբոքում է ճակատամարտը, կամ սուսերամերկ և սրարշավ՝ երբ նահանջում է թշնամին։ Ամեն անգամ, երբ կռվի խառնակության մեջ, փշրվող նիզակների մոտ, կամ նետերի տարափի տակ աչքիս է ընկնում հայրենական դրոշակը, որ ազատ ծածանում է քաջերից մինի ձեոքում. ամեն անգամ, երբ տեսնում եմ այդ դրոշակի փառքի համար նահատակվող մեր մանկտին, սիրտս լցվում է հրճվանքով, բազուկներս գերբնական ուժ են ստանում, և իմ ձայնը որոտում է ինչպես մի մրրիկ, որ շառաչում է անտառի մեջ.... Այո՛, Ռուզան, սիրելի է պատերազմի դաշտը, մանավանդ ա’յն ժամանակ, երբ այնտեղ դարբնվում է հայրենիքի փառքն ու փրկությունը...