Այս էջը հաստատված է


— Հասկանում եմ, ոչ ոք հույս չուներ: Բայց ես ահա եկա։

— Ինչպե՜ս լավ է, որ եկաք, եթե գիտենաք, թե որքա՜ն պետք ունինք ձեզ։

— Եթե կարող եմ մի բանով ծառայել օրիորդին...

— Ոչ, հասարակությանը։

— Հարկավ՝ ձեր հրամանով։

— Այդպես ընդունեցեք, եթե կամենում եք,— ասաց օրիորդը քնքշաբար ժպտալով։

— Այդպես եմ ընդունում, հաճեցեք հրամայել։

— Այսօր ճաշին մենք ձեզ հետ ենք, Վարանցովի պարկում... Այնպե՜ս է, Լի′դիա Պավլովնա,— դարձավ օրիորդը տիկնոջը։

— Այո, սիրելիս, բոլոր հյուրերին հայտնված է։

— Իսկ երեկոյան մենք կունենանք նվագահանդես։

— Բարեգործական նպատակո՞վ։

— Այո, և հարուստ ծրագրով։

— Եվ մենք ուրեմն պատիվ կունենանք ձեր հրաշալի ձայնն ու դաշնամուրի նվագը լսելու։

— Այսինքն պատիվ կանեք մեզ լսելու։

— Եվ ի՞նչ կտորներ կերգեք կամ կնվագեք։

— Այդ կիմանաք աֆիշայից, բայց բանն այդ չէ։

— Հապա՞։

— Նվագահանդեսից հետո, մենք կունենանք պարահանդես։

— Կոտիլինո′վ...— ճչաց դահլիճի մյուս կողմից Ադելինայի ընկերուհիներից մինը։

— Այդ էլ լավ է։

— Լավ է այն պատճառով, որ դուք այստեղ եք։

— Այդ ի՞նչ է նշանակում,— ժպտաց երիտասարդը։

— Երևակայեցեք, որ մինչև այժմ մենք դեռ չգիտենք թէ ո՞վ պիտի լինի մեր dirigeur-ը, որովհետև չենք ընտրած։