Տարիքավորները համակերպելով մեր ծանոթ տեր-Վանու կարծիքին, ընդանում էին որ, այս անցավոր աշխարհում կա միայն մի բան, որի համար արժե ապրել․ այն է՝ լավ ուտել։ Մինչդեռ երիտասարդները այդ միակ բանը գտնում էին լավ սիրելու մեջ։
Այս պատճառով էլ, եթե առաջինները իրենց տվել էին համեղ խորտիկներն ու անուշ գինին ուշադիր ջանքով և գիտակցաբար վայելելու դժվարին աշխատության, վերջիններն ընդհակառակն, զբաղված էին քնքուշ ժպիտների, կրակոտ հայացքների և խորհրդավոր ակնարկների փոխանակությամբ։ Սիրո և մտերմության այդ հրապուրիչ տուրևառում' գերազանցում էին բոլորին Պետրոսն ու Ադելինան, որոնք պատահաբար նստած էին իրար մոտ... ճաշը վերջանալու վրա նրանք ասել վերջացրել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր երկու սիրող սրտերին՝ իրենց զգացածը միմյանց հասկացնելու համար—թեպետև այդ անելիս նրանք չէին արտասանել և ոչ մի պարզ խոսք։
Հասավ երեկոն։ Հանքային պարկի ռոտոնդոն լուսավորված էր շքեղորեն։ Գույնզգույն լապտերները, որոնք կախված էին պատշգամի սյունաշարերն ու մոտակա ծառերը միմյանց հետ կապող կանաչահյուս ժապավեններից, մոգական խորհրդավորություն էին տալիս կյանքով ու լույսով ողողված այն կետին, որ ամփոփված էր անտառապատ բարձրավանդակներով պարսպված ձորակի մեջ։ Կարգադրիչներն ամեն կերպ աշխատել էին գրավիչ ու հետաքրքրական դարձնելու պարկի այդ մասը, ուր ռոտոնդոն էր և ուր նվագահանդեսն ու պարերը պիտի տեղի ունենային, որպեսզի բարեգործական եկամուտը մեծացներ։ Այդ պատճառով հանդեսի ընդարձակ դահլիճը, դեռ ութից առաջ, լցված էր երկսեռ բազմությամբ։ Իսկ նվագահանդեսն սկսելուց, ոչ միայն չկար պարապ աթոռ, այլև դռների ու պատուհանների առաջ խռնված էր մեծ բազմություն, որ փող էր վճարել, գեթ մոտիկ կանգնելու իրավունք ունենալու համար։
Գեղեցիկ վարագույրներով ու արևադարձային ծաղիկներով զարդարված բեմի վրա առաջին անգամ երևաց Ադելինւսն յուր ընկերուհու հետ։ Նա հագած էր մետաքսյա նուրբ, ձյունափայլ շոր, հոլանի թևերով ու կրծքով, որ զարդարված էր մարգարտածաղկի և շուշանների հյուսերով: