Այս էջը հաստատված է

Կիսաբաց կրծքին, ուր հանգչում էր սպիտակ վարդի մի ոստ, այլև հարուստ մազերում, որոնք սանրված էին a la moderne, աստղերի պես փայլում էին հարուստ ադամանդներ։ Անմեղության խորհուրդն ամփոփող սպիտակ հագուստներում և մանավանդ լամպի այլակերպող լույսի առաջ, գեղանի Ադելինան դարձել էր, գրեթե, երկնային։

Երբ ընդունելության ծափերը դադարեցին, օրիորդն ու ընկերուհին, որ նույնպես գրավիչ էր իլյուզիայի շնորհիվ, սկսան դաշնամուրի ձայնակցությամբ երգել մի սրտաշարժ duo, որ հարուցեց դահլիճի մեջ ծափահարությունների և bis-երի որոտընդոստ աղմուկ, որից ստիպված` նրանք երգը կրկնեցին։

Հետևյալ համարը պատկանում էր մի երիտասարդի, որ ջութակի վրա նվագեց յուր բաժինը և ինչպես սիրող, արժանացավ դարձյալ ծափահարությունների։

Երրորդ համարը Մոցարտի VI սոնատն էր, որ Ադելինան և մի ուրիշ օրիորդ նվագեցին դաշնամուրի վրա։

Չորրոդին դուրս եկավ Ադելինան միայնակ և նվագեց նույն հեղինակի Roudoulla Turca, որ յուր արևելյան ճաշակի նուրբ ու քնքուշ մելամաղձոտությամբ սրտաշարժ ազդեցություն ունեցավ հանդիսականների վրա։

Որոտալից ծափահարությունների աղմուկով փակվեցավ նվագահանդեսի առաջին բաժինը։

Երկրորդին և երրորդին մասնակցեցին նոր մարդիկ — մի վիոլոնչելիստ, մի սրնգահար, մի solo երգիչ, ապա երգչուհիներ, որոնց մի trio-ին միացավ դարձյալ Ադելինան։ Բացի այդ նա երկրորդ ու երրորդ մասերում հանձն առավ լուրջ մասնակցություն՝ մեջ ընդ մեջ նվագելով դաշնամուրի վրա Բեթհովենի Quasi Una fantasia սոնատը, Շումանի Warum-ը նրա կառնավալի խոստովանանքը և Շոպենի Nocturlus-ը, որով, համարյա, ներկայացավ նվագահանդեսի գլխավոր տիրապետուհին, ոչ միայն յուր գեղեցկությամբ ու շնորհաշուք շարժվածքով, այլև այլ արժանիքով, որ ցույց տվավ նա երաժշտական մասում ունեցած յուր հմտությամբ։