Այս էջը հաստատված է

Կամսարյանը, որ բոլոր ժամանակ հոգիացած դիտում էր գեղանի օրիորդին ու լսում նրա շնորհալի երգը կամ դաշնամուրի նվագները և ընդնմին ականջում ժողովրդի գովասանություններին, հետզհետե սկսում էր զարմանալ յուր հիմարության վրա, որ մինչև իսկ մի վայրկյան թույլ էր տվել իրեն մտածել, թե կարելի էր երբևիցե ձեռքից թողնել այդ գանձը... Եվ այդ իսկ պատճառով, որպեսզի նորոգված մտերմությունը ոչնչով չթուլանա, նա յուրաքանչյուր խաղամիջոցին վազում էր բեմի հետևը և հիացած բացականչություններով Ադելինային դրվատում։

— Ձեր երգը, օրիորդ, դյութիչ էր և հրաշալի... ձեր սոնատն աննման էր... ձեր Rondo-ն ինձ լացացրեց...— ասում էր նա։ Ւսկ դահլիճ վերադառնալուց սկսում էր օրիորդին համեմատել իրեն հետ և գտնում, որ նա, արդարև, արժանի է յուր կենակիցը լինելու։ Հենց այս պատճառով էլ տեսնելով, որ Ադելինան տիրում է հանդեսի վրա, ցանկացավ, որ ինքն ևս աչքի ընկնե մի բանով, ուստի որոշեց ընդունել դիրիժյորի պաշտոնը, որ դեռ առավոտը կամենում էր մերժել։

Եվ որովհետև գիտեր թե ամեն մարդու բան չէ պարերը կառավարել այնպես, որ ընդհանուր գոհության և կենդանության հետ միասին դահլիճում տիրե նաև կատարյալ կարգ ու ներդաշնակություն, ուստի առաջուց հպարտանում էր, որ ինքը պիտի կարենա լիուլի ցույց տալ այդ բանում յուր հազվագյուտ շնորհքը։ Այս պատճառով նա շտապեց օգտվել վերջին խաղամիջոցից և հենց նստած տեղը կազմել tour-երի ընդհանուր ծրագիրը, որ շատ էլ հեշտ բան չէր։

Նվագահանդեսը վերջացավ մի կվարտետով, որին մասնակցեցին ջութակահարը, վիոլոնչելիստը, սրնգահարը և trio երգող երեք օրիորդներ, որոնցից մինն էր Ադելինան։

Ծափահարությունները երկար դղրդացնում էին դահլիճը և երևի զարմացնում մոտակա անտառներում թառած թռչուններին, որոնք եթե խորհելու գեշ սովորություն ունենային, անշուշտ շատ աննպաստ բաներ կմտածեին մարդ արարածի մասին։