Այս էջը հաստատված է

— Մի վիճեք,եկեք Messieurs avanc chainez les dames à la inoln...— գոչեց դիրիժյորը և պարը շարունակվեց։

Այս ձևով իրար հաջորդում էին figure—ները մինչև վեցերորդը. բոլոր այդ ժամանակ Կամսարյանը հանիգստ սիրախոսում էր Ադելինայի հետ։ Բայց galop—ի ժամանակ նա արդեն դարձավ մարմնացյալ եռանդ, որովհետև հրամանները պետք է տար զգուշությամբ, որպեսզի grand rond—ի վախճանը լիներ թե՛ սահուն և թե′ հաղթական։

Բարեբախտաբար այս լուրջ խնդիրն էլ լուծվեցավ հաջողությամբ։ Երբ cobeille—ից հետո վերջին անգամ հնչեց դիրիժյորի ձայնը՝ RemercieZ VOS dames! ամենքն արդեն գիտեին, որ կարգադրիչ պարոնի շնորհիվ սխալ քայլ չէին արած։ Այդ պատճառով շնորհակալությունները երկուստեք էլ սրտագին էին։

Կադրիլից հետո սկսվեցան ազատ պարերը, որոնց ժամանակ Ադելինան, հակառակ նույնիսկ bon-ton-ի պահանջին, հաճախ անբաժան էր շնորհալի դիրիժորից։ Գուցե և այս այն գիտակցությամբ, թե հյուրերից շատերն արդեն ծանոթ են յուր զգացմունքներին, հետևապես խստապահանջ չէին լինիլ գեթ այս անգամ։ Եվ իրավ, նրանց երկուսի համաչափ ու ներդաշնակ շարժումներից արդեն դիտող աչքը կարող էր որոշել չափն այն համակրության, որ երիտասարդ սրտերը տածում էին դեպ իրար։ Եթե պարից բան հասկացող հանդիսականը ծաղրում էր այնպիսիներին, որոնք պարելու փոխարեն քաշկռտվում էին կամ իրենց կոր մեջքով և գռեհիկ pas-երով տանջանք պատճառում իրենց dame-երին, ընդհակառակն, հոգեկան մեծ հաճույք էր զգում նայելով Կամսարյանի և Ադելինայի վրա, որոնք իրենց թեթև ու շնորհալի քայլերով և հանգիստ ու ճոճուն պտույտներով գրեթե միշտ իրենցից կազմում էին մի անձն, որ յուր շարժումներով միաժամանակ փայլեցնում էր որքան շնորհք, նույնչափ և արվեստ։

Պարերը, սակայն, շարունակվում էին երկար, վասնզի երիտասարդները չէին հոգնում, իսկ տիկիններն ու օրիորդները պատրաստ էին, նույնիսկ, առաջիկա ցերեկը փոխել գիշերի, միայն թե կարենային անվերջ պտտեյ ու սուրալ՝ երաժշտության հաճելի աղմուկով արբած...