Այս էջը հաստատված է

Այսպիսի հաջող տրամադրությունից օցտվելով, Լիդիա Պավլովնան, որ բոլոր ժամանակ զվարճանում էր Պետրոսի և Ադելինայի միմյանց հետ փոխանակող քաղցր ժպիտներն ու հայացքները դիտելով, կամ նրանց գողտրիկ սիրախոսությունը լսելով, իբրև թե արդեն համբերությունից ելած, ժպտալով բացականչեց.

— Դե վերջ տվեք, էլի...

— Դրուստ ա ասում, վերջ տվեք...— հարեց իսկույն Մարկ Իվանիչը և քահ-քահ ծիծաղեց։

Եվ որովհետև բոլորի համար պարզ էր թե ինչի՛ մասին է խոսքը, ուստի Կիրիլ Կարպիչը, որ ամեն բանի մեջ սիրում էր հանդիսավորություն, բարձրանալով տեղից բռնեց որդու ձեռքը և տալով Մարկ Իվանիչին, ասաց.

— Ահա՛ քու փեսան։

Տիկին Մարկոսյանը հետևելով նրան, առավ աղջկա ձեռքը և տալով Կիրիլ Կարպիչին, հարեց.

— Էս էլ քու հարսը...

Թե՛ Պետրոսի և թե՛ Ադելինայի դեմքին խաղացին լուռ երանական ժպիտներ։ Դրանով նրանք իրենց համաձայնությունն էին տալիս ծնողների արածին։

— Շնորհավոր, շնորհավոր,— գոչերին այս ու այն կողմից։

— Մատանին տուր, խնամի, մատանին,— բացականչեց Մարկ Իվանիչը, իբրև գործնական հայր։

Լիդիա Պավլովնան ընտրեց յուր մատի մատանիներից ամենաընտիրն ու թանկագինը և հագցնելով Ադելինայի մատին, համբուրեց նրան և ասաց.

— Սա թող լինի մեր զադատկան (առհավատչյան):

— Ես էլ հմի իմ փեսին,— ասաց տիկին Մարկոսյանը և չիփ-չափ համբուրվեցավ Պետրոսի հետ։

— Շնորհավոր, շնորհավոր,— կրկնեցին ձայները։

— Շամպա՛յն, շո՛ւտ, էս գինիքը դուս տարեք,— հրամայեց Կիրիլ Կարպիչը և ծառաները մի ակնթարթում անհետացրին սեղանի վրայից նորոգված շիշերի մնացորդը (որ մի քիչ հետո իրենց պիտի հարկավորվեր) և նրանց փոխարեն շարեցին Roederer-ի շամպայնը։