— Իսկապես, շարունակելու շատ բան չէ մնում, պետք է միայն ավարտել,— նկատեց ռուսը։
— Ուրեմն ավարտել,— հարեց լեհացին։
— Ամենայն սիրով, համաձայնվեց ընկերը և դառնալով ինձ՝ ասաց.— սա մի պատմություն է, որ ես սկսել էի դեռ կայարանում, գնացքն այդտեղ հասնելուց առաջ։
— Հաճությամբ կլսեմ և ես, եթե թույլ կտաք,— հարեցի ես:
— Օ՜հ, ես այնպես բարձր եմ խոսում, որ ինձ ամենքը կլսեն, նույնիսկ, եթե թույլ չտամ,— ասաց ռուսը ծիծաղելով.— բայց խնդիրն այն է՝ որ դուք շարունակությունից քիչ բան պիտի հասկանաք։
— Ինձ բավական է, նույնիսկ վերջաբանը,— ասացի կատակով։
— Ուրեմն լավ գուշակո՞ղ եք,— հարցրեց խոսակիցս։
— Նայելով թե՝ ինչի մասին է պատմությունը։
— Ինչի՞ մասին կարող է լինել երիտասարդների պատմությունը, իհարկե, սիրո։
— Է՜հ, սերը միայն մի պատմություն ունի,— նկատեցի ես։
— Ինչպե՞ս. ուրեմն ես կարող եմ, նույնիսկ, չպատմե՞լ, եթե դուք արդեն լսել եք այդպիսի մի պատմություն։
— Ընդհակառակը, դուք կանգ եք առել հենց վերջի վրա. իսկ սիրո պատմությունները, որքան էլ իրար նման, այսուամենայնիվ, ունենում են հետաքրքրական վերջաբաններ։
— Բայց, երևակայեցե′ք, որ իմը չունեցավ այդպիսին։
— Այսուամենայնիվ, մի վախճան հո ունեցա՞վ,— հարցրեց լեհացին։
— Այո, վախճանը եղավ այն,— հարեց ռուսը,— որ ծնողները մերժեցին ինձ։
— Մերժեցի՞ն։
— Բացեիբաց։
— Պատճա՞ռը։
— Շատ պարզ էր. իրենք հարուստ էին և ազնվատոհմ, իսկ ես՝ աղքատ և ապատոհմիկ։ Նրանց աչքում, իհարկե, նշանակություն չուներ այն` որ ես զարգացած ու բարեկիրթ մարդ էի և ապրում էի իմ արդար վաստակով, բայց նշանակություն ուներ այն` որ ես ծառայող էի։