էհ, ինչպե՞ս կարող էին Միրովիչների պես մարդիկ կապել իրենց աղջկա բախտը մի աննշան աշխատավոր Սաբորինի հետ...։ Այսպես մտածեցին նրանք և խնդիրս մերժեցին։
— Հետո ի՞նչ եղավ։
— Հետո եղավ այն, ինչ որ չէին կարող սպասել։ Օրիորդը բացարձակապես հայտարարեց ծնողներին թե` «որովհետև դուք մերժեցիք իմ ձեռը այն երիտասարդին, որին ես սիրում էի, ուստի ես էլ այսուհետև կմերժեմ բոլոր նրանց, որոնց դուք ինձ համար կառաջարկեք փեսացու և կդատապարտեմ ինձ մշտական կուսությանս»։
— Հետո՞։
— Հետո, էլ ոչինչ, օրիորդը հաստատ մնաց յուր որոշմանը։ Նույնիսկ այն օրերը, երբ ես գտնվում էի Վարշավ, նա մերժեց առաջարկությունը երկու այնպիսի անձանց, որոնք հայտնի էին քաղաքում թե իրենց դիրքով և թե հարստությամբ։ Երբ նա այդ մասին զեկուցեց ինձ նամակով, ես ապշեցա։ Ոչ մի օրիորդ քաջություն չէր ունենալ նման առաջարկություններ մերժելու։ Այնուհետև ես հեռացա Վարշավից` ուխտելով` հետևել իմ սիրեցյալի օրինակին։
— Մնալ միշտ ամուրի՞։
— Այո՛... և հոգվով միացած իմ Մարիի հետ։
— Այդ մեկն իզուր է. քեզ խորհուրդ եմ տալիս, որ հենց այսօրվանից, երբ մենք կմտնենք Վարշավ, ընտրես քեզ համար մի նոր հարսնացու,— ասաց լեհացին ժպտալով։
— Երբեք, իմ ուխտը հաստատ է այնպես, ինչպես և իմ սիրեցյալինը,— բացականչեց Սաբորինը, ինքն յուր խոսքից ոգևորվելով։
— Քոնը, գուցե, հաստատ է, բայց սիրեցյալդ կդրժե յուր ուխտին։
— Անկարելի է։ Նրա վերջին նամակը այլևս կասկածելու տեղ չէ թողում։ Նա ինձ գրում է թե որոշել է ծնողների թախանձանքից ընդմիշտ ազատվելու համար մտնել գթության քույրերի «Սուրբ երրորդության» միաբանական կարգը։