Այս էջը հաստատված է

Սրա նախնիքը հայտնի էին իրենց հավատարմությամբ դեպի մեր թագավորները և անձնվիրությամբ' դեպի հայրենիքր։ Ինչպես տեսնում եք, արժանավոր որդին հետևում է յուր նախահարց շավղին։ Նա այսօր հաղթական վերադառնում է ա՛յն ասպարեզից, ուր դուք վաղուց գործում էիք, և ուր գործել են յուր նախնիք։ Թաթարաց ա՛յն հզոր բանակը, որ մեր սահմանում գտնվելով՝ ահ ու սարսափ էր ազդում Խաչենի ժողովրդին, Ներսեհ իշխանի շնորհիվ իսպառ ջնջված է, իսկ նրա գլխավորները' գերված ու կապված։ Այսպիսով, ուրեմն, մեր երկրի խաղաղությունը ապահովված է երկար, և այս բարիքը մենք պարտական ենք իշխան Ներսեհին։ Ցանկանալով արժանապես վարձատրել նրա այս արիության գործը, կամենում եմ այդ առթիվ ստանալ իշխանուհվո և ձեր հաճությունը, իշխաններ։

ՄԱՄՔԱՆ.— Վարձատրիր իշխանին այնպիսի պարգևով, որին արժանի է յուր ցույց տված ծառայությունը. ես դրա համար տալիս եմ իմ սրտագին հաճությունը։
ԶԱՔԱՐԵ.— Հայրենիքի օգտին նվիրած ծառայությունը արժանի է միշտ լավագույն վարձատրության։ Ես համաձայն եմ քո մտադրության հետ։
ԻՇԽԱՆՆԵՐ.— Մենք ևս, մենք ևս։
ՋԱԼԱԼ.— (հանդիսաբար մոտենալով Ներսեհին) Որդյակ իմ,,դու, արժանի ես ա՛յն պարգևին, որը վաղուց հետե սահմանված է եղել քեզ համար, բայց որը տակավին հանձնված չէ եղել քեզ հանդիսացար։ Այդ պարգևը դու ամենաթանկագինն ես համարել բոլոր բարիքներից։ Եվ ահա իմ հատուկ ցանկությամբ և իշխանուհվո ու մեր հարգելի իշխանների հաճությամբ ես տալիս եմ քեզ այն իբրև մրցանակ քո փառավոր հաղթության։ (Բռնելով Ռուզանի ձեոքը և հանձնելով Ներսեհին): Ահա՛ նա։
ՆԵՐՍԵՀ.— (զգացված) Դու ինձ ամենաերջանիկը կացուցիր աշխարհում, մեծ իշխան։
ՋԱԼԱԼ.— (զրկելով երկուսին և համբուրելով) Դուք արժանի եք միմյանց, որդյակներս։