Մի՞թե այդքան ժամանակում չէին կարող իմ գլխով անցնել այնպիսի բաներ, որոնք այս կամ այն խնդրի նկատմամբ դարձնեին ինձ փորձառու։
— Ինչո՞ւ չէ, կարող էին։
— Այդ կետում, ուրեմն, չես վիճում ինձ հետ: Բայց որպեսզի դու համոզվես թե, արդարև, իմ կարծիքները հիմնված են սեփական փորձերի վրա, թույլ տուր որ պատմեմ հենց դրա նման մի ուխտի համառոտ պատմությունը, որ գուցե օգնե քեզ կասկածել մի փոքր, նաև, քեզ սիրող աղջկա կամքի և նրա արած ուխտի հաստատության վրա։
— Պատմի՛ր, լսում եմ:
— Իսկ դուք ընդդեմ ոչինչ չունի՞ք,— հարցրեց ինձ Յանը։
— Ընդհակառակը, ես ևս կլսեմ սիրով։
— Ուրեմն լսեցեք։
՛՛՛2՛՛՛
«Երկու տարի առաջ,— սկսավ լեհացին յուր պատմությունը,— մասնավոր լաբորատորիաներից մեկում, ուր ես լաբորանտի պաշտոն էի կատարում, նիտրո-գլիցերինով արած մի փորձի ժամանակ տեղի ունեցավ մի անսպաս պայթյուն։ Որովհետև փորձը ես էի կառավարում, ուստի պայթյունից առաջացած վնասն էլ հանդիպեց ինձ։ Փշրված անոթի մասերը այնպես էին հարվածել աջ թևս, որ ես իսկույն էլ ուշաթափ էի եղել։ Առաջին անգամ որ աչքս բացի, տեսա ինձ հիվանդանոցում, շրջապատված սպիտակազգեստ բժիշկներով։ Դրանցից մինը բռնած էր թևս, մյուսը հավաքում ու կապկպում էր մսաները, որոնք մի քանի տեղերից պատառոտված կախված էին։ Թևիս այդ վիրալից տեսքը բավական եղավ որ ես նորից ուշաթափվիմ, կամ, գուցե, այդ պատահեց շատ արյուն կորցնելուց։ Կան մարդիկ, որոնք ամուր սիրտ ունին և կարող են անվրդով դիտել ոչ միայն ուրիշների այլև իրենց անձի վրա կատարված անդամատությունը։