Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «առայժմ ցտեսություն» ասելով հեռացավ։
Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց։
Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.
— Որովհետև դուք այժմ այնքան հանգիստ եք, որ կարող եք լսել մեր զեկուցումը, ուստի հայտնում ենք ձեզ, որ ձեր թևը ողջացնելու համար միայն երկու միջոց կա, — առաջինն ու դյուրինը, որի հետ չեն կապված մեծ նեղություններ և որը, ոչ միայն երկար չի տանջիլ ձեզ, այլև ապագայի համար վտանգավոր հետևանք չի ունենալ, այն է, որ ձեր թևը կիսով չափ կտրենք։ Իսկ երկրորդն ու դժվարինը այն որ այդ թևը պահելու նպատակով` երկար օրերի, գուցե և ամիսների ընթացքում պատճառենք ձեզ ծանր և անտանելի տանջանքներ, որոնք պիտի առաջանան հաճախ ձեր վերքերը բանալուց, լվանալուց, պատռվածքները կարելուց և երբեմն նրանց նորից քակելուց, դեղեր գնելուց և այլն և այլն։
— Օ՜, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք,— բացականչեցի ես.— պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ։
— Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար,— խոսեց գլխավոր բժիշկը,— բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին։
— Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիր— ասացի ես։ Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե արդյոք չեն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քլորուկով։
— Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս,— պատասխանեց բժիշկը բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ յուրաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և չեք կարող հաճախակի քնացման ենթարկվիլ. առանց վտանգելու ձեր առողջությունը։