Այս էջը հաստատված է

Թե ա՞յդ միտքն էր, իսկապես, իմ ցավերի դեմ ինձ արիացնողը, այդ բանին ես համոզվեցա, երբ գթության քույրը, մի ինչ-որ դեղ բերելու համար, հեռացավ մեզնից մի քանի վայրկյան։ Իմ ցավերն, այդ ժամանակ, կարծես, սաստկացան, մինչդեռ երբ նա դարձավ, նորից սկսան հանգստանալ։ Եվ սակայն դա իսկապես, հանգստություն չէր, այլ համբերելու համար գործ դրված ուժի մի տեսակ լարումն, որ դյուրացնում էր տոկալը և, հետևապես, թեթևացնում ցավը։

Բժշկապետն յուր գործը ավարտելուց հետո, գովեց իմ արիությունը և ասաց որ ինձանից նա չէր սպասում այդքան համբերություն։

— Եթե այդպես շարունակվի մեր գործը, — ավելացրեց նա ժպտալով, — հուսով եմ որ շատ շուտով կվերադարձնենք ձեզ ձեր գործարանը` նորից փորձեր անելու։

Հետևյալ լվացումն ու դարմանադրությունը նույն ձևով անցավ, ինչպես և առաջինը։ Գթության քույրը դարձյալ դիմացս էր, ուստի տանջանքի զգացում չցուցի, չնայելով որ այս անգամ դարձյալ մի կարվածք անելու փորձն ևս ավելացել էր:

Բայց երրորդ անգամին այնպիսի կսկիծ ու տանջանքներ կրեցի, որ սիրտս ուղղակի թուլանում էր ցավից և ես չէի կարողանում զսպել ինձ` որ չճչամ, կամ բարձրաձայն չհառաչեմ։

Բժիշկը զարմանում էր։

— Անցյալ օրն ու երեկ ավելի պիտի ցավ զգայիր և սակայն դու քաջությամբ համբերեցիր։ Այժմ ի՞նչ է պատահել, որ համեմատաբար ավելի թեթև ցավերին չես դիմանում, — հարցրեց նա ինձ։

— Չգիտեմ, այսօր ավելի եմ ցավ զգում, — ասացի ես։

— Այդպես չպետք է լինի... — նկատեց բժիշկը և նայեց վրաս տարակուսական հայացքով։

— Գուցե այն է պատճառը, որ երեկ և անցյալ օր ներկա էր այստեղ ձեր քույրերից մինը...