Այս էջը հաստատված է


— Այո՛, — ասացի ես և բացատրեցի պատճառը։

— Բարի և անկեղծ սիրտ ունիք, արժե խնամել նրան․․․ — ասաց գթության քույրը մի առանձին քնքշությամբ և ապա հավաքած իրերը աղախնին հանձնելուց հետո՝ ավելացրեց, — թեպետ լավ չէ շարունակ ցավի զգացումը զսպել, այսուամենայնիվ, դա անհրաժեշտ է վիրակապի ժամանակ, որպեսզի բժիշկը կարողանա անվրդով իր գործը տեսնել.․․ այդ պատճառով ես կաշխատեմ ներկա լինել միշտ։

— Բայց դուք մի կարծեք թե ես ուժ եմ գործ դնում ինձ զսպելու համար, ոչ, այլ ես, ուղղակի, քիչ եմ ցավ զգում, երբ դուք ինձ վրա նայում եք կարեկցությամբ, — ասացի ես ծիծաղելով։

— Այդ հո ավելի լավ, — հարեց Սոֆիա Իվանովնան և ինքն էլ ծիծաղեց: Բայց, միևնույն ժամանակ, զգալով, որ երկուսս էլ շատ առաջ գնացինք մեր բացատրություններով, «առայժմ ցտեսություն» ասաց ու դուրս գնաց։

Այնուհետև օրերով շարունակվում էր իմ թևի դանդաղ դարմանումը, որին, գրեթե միշտ, ներկա էր լինում, նաև, գթության քույրը։ Տեսնելով իմ կրած, արդարև, ծանրատար և, յուր տեսակում, կարի չարատանջ ցավերն ու կսկիծը, որոնց ես, սակայն, ի սեր յուր չքնաղ ծավի աչերի, տանում էի համբերությամբ, գթության քույրը, կարծես, հետզհետե ավելի էր կապվում ինձ հետ հոգվով և նայում վրաս ոչ իբրև մի օտար հիվանդի, այլ իբրև ազգակցի ու հարազատի վրա։ Այդ իսկ պատճառով նա հաճախ գտնում էր, նաև, ազատ ժամեր, մոտս նստելու և մտերմորեն խոսակցելու համար։

Այդպիսի մի օր, հարցրի նրան ուղղակի թե՝ ի՞նչ է պատճառը, որ իր նման մի սիրուն, դեռ կյանքով ու կրակով լի երիտասարդուհին, որ կարող էր թե իրեն և թե իր նման մի ուրիշ երիտասարդի բախտ ու երջանկություն բերել, փակվել է հիվանդանոցի տխուր պատերում և նվիրել իրեն այնպիսի մի պաշտոնի, որպիսին գթության քրոջ պաշտոնն է: