Այս էջը հաստատված է

Իսկ երբ երիտասարդը հեռանում էր, մենք մեր սիրո զեղումը հանձնում էինք նամակներին, որոնց թիվը մեծ էր լինում և որոնցից յուրաքանչյուրը հաճախ բաղկացած էր մի քանի թերթերից... Ի՞նչ էինք գրում իրար, որտեղից էինք գտնում խոսելու այդքան նյութ, չեմ հիշում, միայն գիտեմ որ այդ նամակները մեզանից խլում էին անթիվ ժամեր և ավելի օգնում մեր սերը բորբոքելուն:

Վերջապես երիտասարդն ավարտեց և վերադարձավ օֆիցերի աստիճանով: Եվ որովհետև նա հարուստ էր, ուստի խոսք չեղավ այն մասին թե՝ զինվորական վարչությունը կարո՞ղ է արդյոք արգելք լինել նրա վաղ ամուսնանալուն: Մենք նշանվեցանք պաշտոնապես: Ծննողներս պատրաստում էին իմ օժիտը: Մի ամսից հետո պիտի պսակվեինք. այդ ամենքը գիտեին. նույնիսկ իմ ընկերուհիները նոր հագուստներ էին կարում իմ պսակադրության ներկա լինելու համար... Եվ սակայն հենց այստեղ արդարացավ առածը՝ «Խորհուրդք մարդկան՝ կամք աստուծո» — Այդ օրերում իմ փեսան՝ պաշտոնակից օֆիցերների կողմից հրավիրվեցավ մասնակցելու ընկերական մի որսի, որ տեղի պիտի ունենար մոտիկ կալվածներից մինում: Եվ, ահա, այդտեղ որսի ժամանակ, նա մի դժբախտ դիպվածով՝ գնդակահար եղավ իր մի ընկերից, որը կատաղի կինճից հալածվելիս՝ երբ դարձել, արձակել էր հրացանը, գնդակը փոխանակ գազանին դիպչելու, վրիպել, զարկել էր իմ խեղճ փեսացուին, որ այդ ժամանակ գտնում է եղել թավուտում... Այս դժբախտության լուրը կայծակնահար արավ ինձ: Կորուստը ծանր էր և անդարմանելի. քիչ էր մնում, որ վշտիցս խելագարվեի,,, բայց ծնողներս հետս էին, նրանք հսկեցին վրաս երկար ժամանակ և ամեն միջոց գործ դրին հարվածի սաստկությունը մեղմելու համար: Այսուամենայնիվ կյանքը կորցրեց ինձ համար իր արժեքը: Ի՞նչ էր նա այսուհետև առանց իմ սիրելուն — իհարկե, ոչինչ: Այս պպատճառով սգո ծանր օրերն անցնելուց հետո՝ ես որոշեցի հեռանալ աշխարհից ընդմիշտ: Բայց կուսանոց մտնել չէի կարող. ի բնե ատում էի անգործության դատապարտված այդ միջավայրերը։