Այս էջը հաստատված է


Ես այլևս հուզմունքիս դիմադրել չկարենալով հափշտակեցի նրա նուրբ, թավշյա ձեռքը և շրթունքներիս սեղմելով, համբուրեցի ջերմագին։

— Panie! со pan robb pan siq zapomina... (պարոն, ի՞նչ եք անում, դուք ձեզ մոռանում եք), — բացականչեց նա լեհերեն և ձեռքը խլելով հեռացավ ինձանից։

Բայց դեռ դռանը չհասած` կանգ առավ, հանեց գրպանից առձեռն հայելին և մեջը նայելով ասաց.

— Տեսեք, շառագունել եմ, ի՞նչ կասեն այժմ, եթե այսպես դուրս գամ, asht jakis niqdreczny! (ախ դուք անքաղաքավար), — վերջացրեց նա խոսքը լեհերեն։

Այդ րոպեին նա այնպես գեղեցիկ, այնպես հրաշալի էր, որ նրա խոսքերը, եթե մինչև իսկ լինեին հայհոյանք, ես դարձյալ կընդունեի սիրախոսության տեղ, ուր մնաց վերջին բացականչությունը, որի մեջ ավելի մտերմական քնքշություն քան վիրավորանք կար։

— Պաննա Զոֆիա, ներեցեք, որ ձեր սիրուն հայացքին չկարողացա դիմանալ. ներեցեք, որ համարձակվեցա... — ասացի ես:

— Դուք իմ հիվանդն եք, ես ձեզ ներում եմ... միայն թե սա լինի առաջինն ու վերջինը, ապա թև ոչ ես այլևս չեմ մտնիլ այստեղ, — ասաց նա ու դուրս գնաց: Բայց հենց դռնով երևելիս նա այնպես ժպտաց, որ, կարծես, ասում էր. — «ուրիշ անգամ համբուրիր ավելի ջերմագին»։

Եվ հենց այդպես էլ արի, որովհետև հետևյալ այցելությունները քանի գնում, այնքան ավելի մտերմական էին դառնում:

Մի օր, երեկոյան դեմ, երբ արևի շողերը փախուստ էին տալիս իմ սենյակի պատուհանից և նրանց փոխարեն` շփվում ապակիներին հովից շարժվող ծառի ոստերը, պաննա Զոֆիան դիմացս նստած՝ լսում էր իմ մի հետաքրքրական պատմությունը, որ վերաբերում էր, արդարև, գովասանքի արժանի իմ քաջագործության։ Դա հետևյալն էր։