— Ոչ, չամուսնացա, — պատասխանեց լեհացին։
— Ինչո՞ւ։ Մարդիկ ճրագով են պտրում այնպիսի կանանց, որոնք կարողանային սիրել։ Այդ կինն ապացուցել էր, որ սիրում է քեզ։
— Այո, ապացուցել էր։ Եվ հենց այդ պատճառով էլ փափագում էի առնել նրան։ Եվ թեպետ հայրս մեռնելուց առաջ կտակել էր ինձ` երբեք չամուսնանալ այնպիսի աղջկա հետ, որն օրինական ճանապարհով, այն է` պսակով ինձ հետ միանալուց առաջ, անձնատուր է եղել ինձ, որովհետև, ասել էր. այդպիսի աղջիկը, վերջ ի վերջո դժբախտություն կբերե քեզ — այսուամենայնիվ Զոֆիայի գեղեցկությունը, սիրո ջերմությունը և վերջապես վերջին հավատով անձնվիրությունը մոռացնել տվին ինձ իմ հոր պատվերը։ — Ո՞ւր կարող եմ գտնել սրանից արժանավորը, ասում էի ես, ուստի և որոշում առնել նրան ինձ կնության։ Բայց, ինչպես երևում է, հոր հոգին արդեն հսկում է եղել իմ բախտին։ Մի քանի ամիս ինձ հետ կենակցելուց հետո, նա գնաց հայրենի քաղաքը ծնողներին այցելելու և մեր ամուսնության համար` նրանց համաձայնությունն առնելու։ Անցավ երկու ամիս և բոլոր ժամանակ մենք սիրալիր նամակներ էինք գրում իրար։ Երբ հասավ Զոֆիայի վերադարձի ժամանակը և ես հուսալից սպասում էի նրան, ահա մի օր ստացա մի հակիրճ նամակ, որով նա ինձ հայտնում էր թե արդեն ընդունել է առաջարկությունը մի զինվորականի, որի հետ և ամուսնանում է. ուստի խնդրում էր ինձ մոռանալ ամենը, ինչ որ անցել է մեր մեջ...
— Ի՞նչ է ասում... — զարմացավ Սաբորինը։
— Այո՛, այդպես էր գրել, — կրկնեց լեհացին:
— Եվ ամուսնացա՞վ։
— Հարկավ։
— Զարմանում եմ։
— Բայց ավելի պիտի զարմանաս, եթե ասեմ թե նա ամուսնացավ այն զինվորականի հետ, որը որսի ժամանակ սպանել էր յուր նշանածին...։