ՊԱՊԱՔ․— Ինչո՞ւ Ջալալից։ Քո հակառակորդը Ներսեհ իշխանն է։
ՀԱՄՏՈՒՆ․— Իսկական հերոսը չի մերկացնում սուրը սինլքոր զինվորի դեմ, որին կարող է ընկճել լախտի մի հարվածով։ Իմ համազոր հակառակորդը Ջալալ իշխանն է, նրա հետ էլ ես իմ հաշիվը կտեսնեմ։
ՊԱՊԱՔ․— Նշանադրությունը եղավ, այժմ արդեն ուշ է վրեժխնդրության վրա մտածել։
ՀԱՄՏՈԻՆ․— Վրեժն երբ էլ լուծվի, հաճույք կպատճառե լուծողին։
ՊԱՊԱՔ․— Բայց այսուհետև այլևս ի՞նչ վրեժ կարող ես լուծել։
ՀԱՄՏՈԻՆ․— Ինչ վրե՞ժ, о՜ , ես գիտեմ, թե ինչ. ես արդեն որոշեցի։
ՊԱՊԱՔ․— Սպանե՞լ տալ Ջալալին։
ՀԱՄՏՈԻՆ․— Երբեք։ Ով որ սպանում է հակառակորդին, նա ազատում է նրան տանջվելուց։ Ջալալը պիտի ապրե, որպեսզի Համտունի ստեղծած չարիքներից շարունակ տանջվի։
ՊԱՊԱՔ․— Բայց ի՞նչ ես որոշել անել։
ՀԱՄՏՈԻՆ․— Լսիր, Պապաք, դու գուցե պատմությունից գիտես, որ իմ նախնիքներից մինն՝ Անդոկ նախարարը, պարսից Շապուհ թագավորից կրեց մի անարգանք, այն է' արքայական սեղանի վրա' Հայոց նախարարաց կարգին մեջ' փոխանակ երրորդ գահն ստանալու, տասն և չորրորդը ստացավ։ Անդոկ այդ նախատինքը չկարողացավ տանել և պարսից հզոր թագավորից յուր վրեժն առավ՝ նրա տերության մայրաքաղաք Տիզբոնն ավերելով և հրդեհելով։ Ես այդ հպարտ մարդու սերունդներից եմ և գիտեմ նրա չափով վրեժ առնելու արհեստը։