3
О՜, բարեկամ, քո այդ գթության քույրը, իսկապես, ֆուրիա է եղել, իզուր դու նրան օրինակ բերիր` իմ սիրած օրիորդի ուխտը կասկածելի անելու համար, — բացականչեց ռուսը։ Կարծես հոգով հանգստանալով։
— Չգիտեմ, գուցե քո սիրածը ավելի իդեալիստ լինի։ Բայց ես, առհասարակ, չեմ հավատում կանանց ուխտերին:
— Ես կսովորեցնեմ քեզ հավատալ: Տեսնում ես այս նամակը — Սաբորինը հանեց ծոցից մի ծրար և ցույց տվավ, — սա իմ սիրեցյալի վերջին գրությունն է. այստեղ նա նշանակել է նույնիսկ ժամ տնակը է երբ պետք էր ընդունվի «Սուրբ երրորդության» մեջ։ Իսկ այդ միաբանությունը չէ նմանում քո տեսած հիվանդանոցին... Այդտեղից ելած քույրերը մի-մի սուրբեր են։
— Իսկ դու միջոց կունենա՞ս հետևել քո սուրբի կյանքի ընթացքին։
— Այդ պետք էլ չէ. ես միայն կամենում եմ տեսնել նրան այժմ աշխարհից հեռացած, որպեսզի կարողանամ նրա ծնողներին ասել. — Ոնց է. կերա՞ք, ինձ որ չտվիք ձեր աղջկան, արդյոք նա ձեզ մնա՞ց...։ Ա՛յ, հենց դրա համար էլ գնում եմ այժմ Վարշավ։ Հորեղբորս որդուն խնդրած եմ դիմավորել ինձ կայարանում։ Եթե նա հայտնեց թե Մարին արդեն հեռացել է Վարշավից, ես կառքս ուղղակի պիտի քշել տամ Միրովիչների տունը և այցետոմսս աջ կողմից դեպի վար ծալելով ուղարկեմ վերև, ցույց տալու համար թե կարեկցելու և մխիթարելու համար է այցելությունս։
— Տարօրինակ վրիժառություն, — նկատեց Ցանը ծիծաղելով։
— Ամերիկական տեսակի...— հարեց Սաբորինը և նույնպես կարկաչեց։
Նույն երեկոյան մենք հասանք Վարշավ։ Կայարանում, արդարև, մեր ռուս ընկերոջը դիմավորեց հորեղբոր որդին, որը նրա պես առողջ ու զվարթադեմ մեկն էր և հենց նրա պես էլ խոսում էր բարձրաձայն։ Մեր ընկերոջ հարցին թե՝ «ինչ լուր ունիս Մարիից» նա պատասխանեց.
— Մարին՝ արդեն գնաց։