Այս էջը հաստատված է


— Գնա՞ց․․․ բռավո, այդպես էլ սպասում էի, — ասաց Սաբորինը և գոհությամբ լի հայացքը ուղղեց լեհացուն։

— Բայց գի՞տես ուր գնաց։

— Ինչպե՜ս չէ, «Սուրբ երրորդության» միաբան․․․

— Ո՛չ, նա գնաց արտասահման, — ընդհատեց լրատուն։

— Ինչպե՞ս թե արտասահման, — զարմացավ Սաբորինը։

— Հապա՞․ չէ՞ որ նա ամուսնացավ։

— Ի՞նչ։

— Ամուսնացավ։

— Ո՞ւմ հետ,

— Պոտեցկիի որդու։

Սաբորինը տեղն ու տեղը սառավ. նրա բերանը մնաց բաց, աչքերը չռած, իսկ կապոցներով բեռնված ձեռքերը՝ կախվեցան օդում անշարժ։

— Գնանք, ինչո՞ւ ես կանգնել, — խոսեց դիմավորողը, տեսնելով որ ճամփորդները հետզհետե խռնվելով դեսուդեն են հրում հորեղբոր որդուն։ Բայց վերջինս ապուշի պես կանգնած՝ չէր լսում նրան։

— Հեռանանք, թող նա չիմանա թե մենք բոլորը լսեցինք... — շշնջաց լեհացին ականջիս և մենք կամացուկ խույս տվինք կայարանից։

4

Օգոստոսի վերջն էր։ Վենետիկից վերադառնում էի Վիեննա։ Թրիեստի կայարանում խիստ շատ ուղևորներ ներս մտան վագոն, այնպես որ տեղս նեղացավ։ Ստիպված էի իրեղեններս ամփոփել, այլև ինքս կծկվել մի անկյուն, որպեսզի ուրիշները ևս իրենց տեղը բռնեին։ Այս բանն, իհարկե, դուր չեկավ ինձ։ Որովհետև գնացքը Վենետիկից ելել էր գիշերով, և գրեթե, դատարկ, այդ պատճառով տեղի ընդարձակությունից օգտվել էի ավելի քան շռայլորեն: