Այս էջը հաստատված է

ՊԱՊԱՔ․— Բայց Անդոկի վրիժառությունը սոսկալի հետևանքներ ունեցավ։ Սյունյաց բարեշեն նահանգը ավերակ դարձավ այդ պատճառով։

ՀԱՄՏՈՒՆ․— Գիտեմ։ Գուցե իմ վրիժառությունն ևս նույն հետևանքն ունենա։ Ես Սյունյաց տոհմի վերջին շառավիղն եմ։ Ա՛յն ձեռքը, որ իմ կյանքի թելը կկարճե, կանհետացնե աշխարհից նաև Սյունյաց անունը։ Բայց ինձ համար միևնույն է.. ավելի լավ է մեռնել, քան անպատիվ ապրել։ Ես չի պիտի կարողանամ իմ զայրույթը զսպել։ Լսվում են երաժշտության ձայներ): Մինչև որ այս (ցույց տալով դեպի երաժշտության կողմը) ստեղծվող երջանկությունը չխանգարեմ։
ՊԱՊԱՔ․— Բայց ինչո՞վ։
ՀԱՄՏՈՒՆ․— (անուշադիր) Այո′, իմ աչքերը չեն կարող անտարբեր նայել ա′յն տեսարանին, երբ քահանան այս միությունը օրհնելով՝ իմ օրինական հարսնացուն կհանձնե ձորոգետցի Ներսեհին. այդ տեսարանը չպետք է տեղի ունենա։
ՊԱՊԱՔ․— Մի քանի շաբաթից հարսանյաց թափորը կճանապարհվի դեպի Մեծիրանից վանքը։
ՀԱՄՏՈՒՆ․— Եվ այնտեղ էլ, ուրեմն, պսակը կկատարվի։
ՊԱՊԱՔ․— Անշուշտ։
ՀԱՄՏՈՒՆ․— Հոգ չէ, թող կատարվի. այսուամենայնիվ, նորապսակները չեն տեսնիլ իրենց առագաստը։
ՊԱՊԱՔ․— Հասկացաː Ուրեմն սուրբ Հակոբա անտառում, երկու դարանակալ նետեր կթռչեն դեպի նրանցː:
ՀԱՄՏՈՒՆ․— Ո՛չ. ավելի մեծ չարիք կպատահի։
ՊԱՊԱՔ․— Այսի՞նքնː
ՀԱՄՏՈՒՆ․— Լսիր ինձ։ Այս ամրոցում դո՛ւ ես իմ միակ մտերիմն, ուստի հայտնում եմ քեզ (զգուշությամբ այս ու այն կողմ նայելով), որ հենց պսակի օրը այստեղ կհասնեն Չարմաղանի զորքերը։