Այս էջը հաստատված է


Դրանցից նա խումբերով ուղարկում է կարիք եղած տեղը, ինչպես օրինակ, պատերազմի դաշտը, վարակիչ հիվանդությանը բռնված տեղեր, հասարակաց հիվանդանոցները և նույնիսկ մասնավոր տներ։ Այդ բոլոր տեղերում նրանց պաշտոնն է հսկել հիվանդներին, խնամել նրանց, օգնել բժիշկներին և շատ տեղ, ուր նրանք բացակայում են, կատարել նրանց պաշտոնը, որի համար և իրենք ունենում են մասնավոր պատրաստության։ Ընդհանուր աղետների ժամանակ գթության այդ քույրերը ծառայում են ձրիաբար, իսկ եթե մասնավոր տեղերում ստանում են վարձ, կամ պարգև, նրանք այդ ղրկում են ինստիտուտի գանձարանին, ըստ որում իրենց ծախքերը հոգում է միաբանությունը։

Այս բացատրությունները տալու ժամանակ, գթության քույրը շարունակ ժպտում էր, որից նրա դեմքը հետզհետե կենդանանում և ավելի ևս գեղեցկանում էր. նրա խաժակն աչքերը, որոնք արևելյան փիրուզն էին հիշեցնում, ամեն մի ժպտի հետ շողում էին նոր լույսով, և երբ ուսուցիչը թարգմանում էր յուր խոսքերը, նա հառում էր վրաս աչերը այնպես ակնապիշ, որ կարծես այդ հայացքով կամենում էր լրացնել թերին այն բացատրությանը, որ տալիս էր ուսուցիչը, թեպետ ինքը ռուսերեն ոչ միայն չգիտեր, այլև գուցե կյանքում առաջին անգամն էր լսում։

Իմ հարցին, թե՝ այդ զբաղմունքը չէ ձանձրացնում իրենց, նա ժպտալով պատասխանեց.

— Բարի գործ անելուց կարելի՞ է ձանձրանալ:

— Ինչո՞ւ չէ, թե բարիք ստացողները ապերախտ են գտնվում։

— Մենք չենք սպասում, որ երախտագետ լինեն մեզ։ Բարիքը պետք է գործել ոչ թե նրա համար որ մարդիկ այդ իմանան, այլ Նա, որ երկնքումն է։ — Այս ասելով նա աչքերը ուղղեց վերև այնպիսի մի ջերմեռանդությամբ, որ անկարելի էր ենթադրել՝ թե հավատը չէ խոսում նրա մեջ։

— Եվ այդ ձեզ, ուրեմն, գոհությո՞ւն է պատճառում: