— Անսահման:
— Բայց ինձ թվում է թե՝ գոհ կարելի է լինել այն բարի գործից, որ մարդ կատարում է ինքնաբերաբար, առանց ուրիշներից ներշնչված լինելու, մինչդեռ դուք այդ դեպքում կատարում եք միայն ձեր մեծերի հրամանը։ Շարունակ հրաման կատարելու մեջ անկարելի է զգալ ճշմարիտ գոհություն:
— Մեր գլխավորները հարաբերություն ունին արտաքին աշխարհի հետ. նրանք են հետաքրքրվում ու տեղեկանում թե՝ ո՞րտեղ կա արդյոք կարիք մեր օգնության և այդ տեղերն էլ մեզ ուղարկում են, իրավ է, մենք չենք հարցնում թե, ինչ տեղ է այն, ուր մենք գնում ենք, կամ ի՞նչ մարդիկ են, որոնց պիտի օգնենք, որովհետև գիտենք որ ամեն տեղ էլ հիվանդը կարոտ է խնամքի ու օգնության։ Բայց թե կամենանք, կարող ենք չգնալ. վասնզի այդ անել՝ մեզ չեն ստիպում, այլ առաջարկում են։ Սակայն որովհետև մենք սիրում ենք գործը, որի համար պատրաստված ենք, ուստի սիրով էլ նվիրվում ենք նրան։ Իրավ է, հաճախ մեր աշխատությանց հետ կապված են լինում նեղություններ, պատահում է, նույնիսկ որ դրանք լինում են կարի դժվարատար, բայց երբ տեսնում ենք թե՝ այդ նեղությունների շնորհիվ մահամերձը կենդանանում, վիրավորը բուժվում, ջրահեղձը կյանք է առնում, երբ տեսնում ենք թե՝ մեր խնամքի շնորհիվ՝ ամիսներով հիվանդ բանվորն ու արհեստավորը ձգում են անկողինը և դեպի իրենց անօդ ու հուսահատ ընտանիքը դառնալով՝ նորից ձեռք առնում զավակների համար հաց հայթայթելու արդար աշխատությունը, երբ տեսնում ենք թե՝ մեր անդուլ ջանքերով կարողանում ենք ազատել համաճարակի ձեռքից բազմաթիվ զոհեր և այդպիսով ամուսնուն՝ դարձնում ենք յուր կինը, մորն՝ յուր զավակը, քրոջն՝ յուր եղբայրը, որդվույն իրենց հայրը, երբ պատերազմի դաշտում, հայրենիքի պաշտպանության համար կռվող ու վիրավորվող զինվորներից մեկին ուշաբերում, մյուսի՝ վերքն ենք կապում, երրորդի այրվող շրթանցը մի պուտ ջուր ենք մոտեցնում, կամ վրաններում պառկած հարյուրավոր հիվանդներին հսկում ու խնամում ենք, որպեսզի կարողանանք հուսո և երկյուղի մեջ ապրող ծնողներին դարձնել իրենց զավակները, կամ նորատի հարսներին՝ ցանկալի ամուսինները, այդ ժամանակ, պարոն, մենք զգում ենք այնպիսի մեծ երջանկություն, այնպիսի անսահման երանություն, որի նմանը հազիվ թե երևակայել կարողանա նա, ով չէ եղել մեր պաշտոնում և չէ ապրել մեր զգացմունքներով...: Այդ, ձեզ եմ հարցնում, այսպիսի գործ կատարելուց կարելի՞ է ձանձրանալ։