Դա եղել է ոչ թե համոզմունքի, այլ հուսահատության որոշում։ Եվ այդ պատճառով էլ՝ երբ դեպքը նորեն այնպես է բերել, որ նրանք հաճույքը տեսել են աչքի առաջ, փարել են նրան բոլոր ուժով, որովհետև սկզբից պատրաստված են եղել դրա համար։ Այդպիսի ուխտերը անկեղծ լինել չեն կարող։ Նրանք նմանում են այն խոստումներին, որ անում են արբեցողներն և ծխողները, երբ սովորության այլանդակությունը զզվեցնում է վերջապես թե իրենց և թե շրջապատողներին։ Եվ նրանք հաճախ զսպում են իրենց զարմանալի համբերությամբ, բայց առ ժամանակ. որովհետև հենց որ խմելու կամ ծխելու հրապուրիչ առիթ է ներկայանում, իսկույն նոր ուժով անձնատուր են լինում հին մոլությանը, առանց, նույնիսկ տված խոստումը հիշել կարենալու։ Այս քույրերը սակայն, ուրիշ մարդիկ են։ Սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ատել հեշտությունը և ապրել բարի գործի համար։ Այս իսկ պատճառով պետք է կարծել, որ այս քույրը ևս խոսում է անկեղծորեն, հավատում է յուր ուխտի սրբությանը, հավատարիմ էլ կմնա նրան, ինչ գայթակղություն էլ որ հանդիպե իրեն՝ ընտրած ճանապարհի վրա։
Իվան Իվանիչը համամիտ էր կնոջը, բայց ես՝ ոչ։ Իմ կարծիքն այն էր, որ սա ևս, յուր շատ քույրերի նման, կվճարե բնությանը նրան հասանելի հարկը, հենց որ առիթը ներկայանա. հետևապես, պետք չէր խտիր դնել սրա և առաջինների մեջ։
Եվ որովհետև գիտցածս պատմություններից զատ՝ իմ մասին էլ այն կարծիքն ունեի թե՝ բավական շատ եմ ապրել աշխարհում և, ուրեմն, ճանաչում եմ կանանց այնքան, որ նրանց հոգեբանությունը քննելիս կարող եմ սխալներ չանել, ուստի քաշվեցա իմ անկյունը և սկսա դիտել գթության քրոջը, որ նորեն վերադառնալով՝ նստել էր տեղը և գործում էր գուլպան... իմ մեջ մի անզուսպ ցանկություն էր ծնվել՝ հետևել նրան շարունակ՝ ձեռք բերելու համար գեթ մի փաստ, թեկուզ ամենաթույլ, որ կարողանար արդարացնել նրա նկատմամբ ունեցած իմ համոզմունքը։