Այս էջը հաստատված է

Իմ տված հարցին թե՝ մտնողները յուր ազգակիցնե՞րն են, գթության քույրը պատասխանեց.

— Ոչ. բայց ես, առհասարակ շատ եմ սիրում մանուկներին... O՜հ, շա՜տ։ Հապա, նայեցեք, կարելի՞ է միթե չսիրրել...։

Այս ասելով նա ավելի մոտ քաշեց տղաներին, որոնք, արդարև, նմանում էին զույգ հրեշտակիկների. գգվեց նրանց, ողջագուրեց և երբ մայրը եկավ փոքրիկներին տանելու, ասաց նրան.

— Ինչո՞ւ մեզ մոտ չեք նստում, այստեղ էլ կարելի է տեղ գտնել... դուք հրաշալի զավակներ ունիք... ես հիացած եմ նրանց վրա, ա՜խ, ի՛նչ սիրունիկներն են,— և նա նորից շոյեց նրանց մազերը։

Գերմանուհին ժպտաց և, ըստ երևույթին գոհ, որ յուր տղաները արժանացել են գթության քրոջ հիացմունքին, թույլ տվավ որ նրանք մնան վերջինի մոտ. բայց տղաները չմնացին և հետևեցին մորը։

Գթության քույրը, խաղաղ ժպիտը դեմքին, նայեց նրանց ետևից մի քանի վայրկյան և ապա խոր հառաչելով՝ ձեռքն առավ յուր գործը։

— Այս ամենը հո տեսա՞ք, — հարցրի ես հարևաններիս, որոնք արդեն վերջացրել էին նախաճաշը։

— Ի՞նչ պատահեց որ տեսնենք, — հարցրեց ուսուցիչը։

— Այն՝ թե ի՞նչ տպավորություն արին այս տղաները մեր քրոջ վրա։

— Ի՞նչ տպավորություն արին։

— Նա հիացել, հափշտակվել էր նրանցով, սիրտը կարծես թուլանում էր...

— Հա, ի՞նչ կա որ, այդպիսի երեխաների վրա ամենքը կհիանան,— խոսեց տիկինը։

— Բայց դուք ասում էիք թե սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ուրեմն և վարժվում են չգրավվել նրանցով։