Այս էջը հաստատված է

— Դեռ ես իմ կյանքում՝ ասպետության անընդունակ՝ այսպիսի մարդ չեմ տեսած. ինչպե՞ս կարելի է չկարողանալ՝ վերցնել գետնից մի կծիկ, որ ընկնում է այսպիսի գեղեցկուհու ձեռքից, — երգիծաբանեց Վերա Վասիլևնան. — փիլիսոփայելու փոխարեն ավելի լավ է սովորի ծառայել սիրուն կանանց, — ավելացրեց նա ու կարկաչեց։

Գթության քույրը ևս նայում էր մեզ ու ծիծաղում, թեպետ չէր հասկանում թե ինչի՞ մասին է մեր խոսքը։

Բայց ահա երրորդ անգամ գլորվեցավ կծիկը և հասավ մինչև վագոնի դուռը։

Այս անգամ արդեն արագ ոտքի ելա և կծիկն առնելով բերի գթության քրոջը, որն ընդունեց այն քաղցրաժպիտ շնորհակալությամբ։

— Վերջապես... — ասաց տիկինը։

— Այո՛, վերջապես... բայց գիտե՞ք ինչ պիտի ասեմ ձեզ։

— Ի՞նչ։

— Այս կինը ո՛չ միայն հրապույրներից փախչող չէ, այլ նույնիսկ նրանց եռանդով պտրողն է։ Ես պարզ տեսնում եմ, որ սա ուղղակի կոկետություն է անում... կծիկը նա դիտմամբ է գլորում հատակի վրա։

— Դուք վիպագրո՞ղ եք, — հարցրեց հանկարծ Վերա Վասիլևնան։

— Ինչի՞ համար եք այդպես կարծում, — հետաքրքրվեցա ես։

— Որովհետև ես ունիմ այդպիսի մի ազգական, որ աչքի առաջ եղած ամենապարզ երևույթներին տալիս է խիստ բարդ բացատրություններ, վասնզի այն հավատն ունի թե որովհետև վիպասանը, միևնույն ժամանակ է և հոգեբան, ուրեմն անկարելի է որ շատ բաներ չտեսնի այնտեղ, ուր հասարակ մարդը ոչինչ չէ տեսնում։

Տիկինն այս խոսքերն արտասանեց այնպիսի մի ծաղրական տոնով, որ ես ոչ միայն կուշտ ծիծաղեցի, այլև խոստովանեցի թե՝ արդարև ես էլ երբեմն վիպագրելու փորձեր եմ անում։