— Սրա հեռանալն ինձ շփոթեց. բայց պետք է օգնել, — ասացի ես և բարձրացա նստարանը, որպեսզի քրոջ կապոցը դարակից իջեցնեմ:
Բայց ի՞նչ կապոց. երկար ու լայն մի տոպրակ էր դա, կապարի ծանրությամբ, քաշում էի, քաշում և չէր շարժվում տեղից։
— Թողեք, խնդրեմ, ես ինքս կառնեմ, — ասում էր գթության քույրը։ Բայց ես մի կերպ վար իջեցրի ծանրոցը, որ երևի յուր մեջ պարունակում էր գթության քրոջ բոլոր շարժական գույքը։
Գնացքը կանգ առավ։ Բայց ինչպես շատ կայարաններում, նույնպես և այստեղ ոչ մի բեռնակիր ներս չեկավ իրեղենները դուրս հանելու։ Ստիպված էի ծառայությունս շարունակել, որովհետև քույրը ինքն էր կամենում դուրս հանել այդ կոշտ ծանրոցը, որ անկարելի էր թույլատրել։ Այսուամենայնիվ, մինչև որ տոպրակը հանեցի վագոնից և հասցրի պլատֆորմը, հոգիս դուրս եկավ։
Այստեղ էին արդեն գթության քրոջ ուրիշ ընկերուհիները, իրենց իրեղեններով, որոնց և մոտեցրի մեր քրոջ գույքը։
Պլատֆորմը, սակայն, այնպիսի դիրք ուներ, որ կառքերը նրան չէին կարող մոտենալ։ Ես սպասում էի թե ահա, ուր որ է, կգա մի բեռնակիր, որին և կհանձնեի բերածս ծանրոցը։ Այդ պատճառով կանգնած սպասում էի և միևնույն ժամանակ, օգուտ քաղում այդ վայրկյաններից, որպեսզի մի վերջին անգամ էլ կուշտ նայեմ գեղեցիկ քրոջը, բնության այն հրաշակերտին, որ բոլորովին անգիտակ յուր գեղեցկության զորությանը, կանգնած էր մյուսների հետ իբրև մի անտեր ու խղճուկ արարած...: Եվ սակայն հենց այստեղ, կաթոլիկության ստրուկ այդ խմբի մեջ, ես առաջին անգամ նրան ճանաչեցի լավապես։ Մի կին, որ յուր հետ քարշ է տալիս կոշտ կտավից կարած, գռեհիկ տեսքով և միայն մշակի ուսին վայել այդպիսի մի տոպրակ, նա չէ կարող լինել ոչ կոկետ, ոչ պչրող և ոչ էլ բնությունից իրեն տված հարստության արժեքը գիտցող էակ: