Այս էջը հաստատված է

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ.— (բաժակները բարձրացնելով) Ամուսնացող զույգի և ժողովրդայն բարեկենդանության կենացը։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ.— (ձայնակցում է հանդիսականներին):
ՈՒՄԵԿ.— (շտապով տեղից բարձրանալով) Սպասեցեք, իշխաններ. (դառնալով Ջալալին) մեծափառ տեր, իմ իրավունքը բռնաբարված է. ես բողոքում եմ քեզնից քո արդարության առաջ։
ՋԱԼԱԼ.— (ծիծաղելով) Ի՞նչ, մի՞թե ես քո դեմ մի անիրավություն արի։
ՈՒՄԵԿ.— Այո’, տեր, բախտը մեզ տալիս է երկու «կենաց բաժակ» դատարկելու առիթ, իսկ դու այնոնց միացնում ես մի բաժակի մեջ։ Ես տաճարապետ եմ քո մեծության հրամանով, ուստի պահանջում եմ, որ այդ «կենացները» զատ-զատ դատարկվին։
ՋԱԼԱԼ— Իրավունք ունիս։ Ուրեմն առաջ ժողովրդի բարեկենդանության կենացը։
ՈՒՄԵԿ.— Համաձայն եմ (հանդիսականներին): Բազմականներ, ժողովրդի բարեկենդանության կենացը։ Մաղթենք, որ այն լինի հաստատ և հարատև։
ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ.— Ժողովրդի բարեկենդանության կենացը։ (Խմում են):
ՈՒՄԵԿ.— Ահա', այդպես. պետք է հարգել կարգն ու կանոնը։
ՋԱԼԱԼ.— (ծիծաղադեմ) Սիրելի իշխան, դու նախանձախնդիր ես կենացների կանոնավոր բաշխման, գովում եմ եռանդդ։ Բայց ես այդոնք միացրի, որովհետև ամեն բանում սիրում եմ միություն։
ՈՒՄԵԿ.— Բայց միությունն անհրաժեշտ է թշնամու զորքի առաջ և ոչ զինվոր սրվակների, որոնք նույնքան դեմ են միության, որքան մեր վարդապետները՝ կուսակրոնության։
ԹԵՆԻ․— Մեր տաճարապետը խոսում է իբրև հերետիկոս․ պե՞տք է արդյոք հնազանդիլ նրան։