Այս էջը հաստատված է


ՈՒՄԵԿ.— Երբ հերետիկոսը ստամոքսներ է կառավարում, պետք է նրան հնազանդել։ Այդ հանցանքը, մայր Թենի, ոչ ոքին չի տանիլ դժոխք։

ԶԱՔԱՐԵ.— Կեցցես, Ումեկ, այսօր դու ավելի խելոք ես, քան երեկ։
ՍՄԲԱՏ․— Ումեկ իշխանը խելոք է խոսում, երբ հարցը վերաբերում է ստամոքսին։
ՈՒՄԵԿ.— Եվ ավելի խելոք, երբ վերաբերում է քաջության։
ՋԱԼԱԼ.— Հարկավ, ուրիշների...
ՈՒՄԵԿ.— Ես վերջինը չեմ մեր քաջերի մեջ։
ՋԱԼԱԼ.— Դրա ապացո՞ւյցը:
ԶԱՔԱՐԵ.— (ծիծաղելով) Ա՛յն, որ խուչախների կռվում ինքն եղավ առաջին գերին։
ՍՄԲԱՏ.— Եվ մեծ իշխանի արշավանքում' առաջին փախստականը։
ՈՒՄԵԿ.— Դուք ակնարկում եք իմ երկչոտությո՞ւնը․ բայց ձեր հիշածները դեռ չեն ապացուցանում ոչինչ։ Ես տեղի եմ տվել անհաջող բախտին։ Ւ՞նչ կանեիք դուք, եթե իմ
տեղը լինեիք։
ՍՄԲԱՏ.— (աշխույժով) Մենք ավելի լավ կհամարեինք քաջությամբ մեռնել։
ՈՒՄԵԿ.— (զվարթ անտարբերությամբ) Իսկ ես լավ համարեցի ապրել։ Սա թեպետ քաջություն չէ, բայց խոհեմություն է։ Ով որ չէ կամենում մեռնել, նա իրավունք ունի
ապրելու։ (Դառնալով Ներսեհին) Ի՞նչ կասես սրան, իշխան։
ՆԵՐՍԵՀ.— (ծիծաղելով) Ես դժվարանում եմ պատասխանել։
ՈՒՄԵԿ.— Եվ լավ ես անում։ Պսակվող մարդը ամենից քիչ իրավունք ունի տաճարապետի ներկայությամբ ճշմարտություն խոսելու։
ՌՈՒԶԱՆ․— Իսկ ես համարձակ կասեմ` թե ով փախչում է ապրելու համար, նա արդեն մեռնում է կենդանվույն։
ՄԱՄՔԱՆ.— Իրավունք ունիս, զավակս։ Եվ իրավ, ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե Ումեկ իշխանը յուր այս տարօրինակ խոհեմությամբ հրամանատար լիներ մեր զորքերին։
ՈՒՄԵԿ.— Հավատա՛, իշխանուհի, ամեն ինչ խաղաղությամբ կվերջանար։ Ի՜նչ հարկ կա կռվել զորեղի դեմ ա'jն ժամանակ, երբ ինքդ ես զգում քո թուլությունը։ Այդպիսի դեպքում կամավոր պարտությունը հավասար է հաղթության։