ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:
ՏԵՍԻԼ Ա
Ասպրամ և Սուրիկ
ԱՍՊՐԱՄ.— Ինչո՞ւ համար ես հետաքրքրվում, Սուրիկ։
ՍՈԻՐԻԿ.— Նրա համար, որ դու սովորութուն չունիս օրիորդ Ռուզանի կացարանը հաճախելու, իսկ վերջին օրերս բոլոր ժամանակդ այս սրահներումն են անցնում։
ԱՍՊՐԱՄ. — Այդ դու արդեն նկատե՞լ ես։
ՍՈԻՐԻԿ.— Ոչ միայն ես, այլև պալատի ծառաները:
ԱՍՊՐԱՄ.— Օ՛, այդ լավ չէ։ Ես չէի կամենալ, որ իմ քայլերը ուրիշները դիտեին։
ՍՈԻՐԻԿ.— Գիտե՞ս, Ասպրամ, փասյաններն էլ ճիշտ քեզ նման են մտածում. գլուխները խրում են ձյունի մեջ և կարծում են թե՝ որսորդի աչքերից ծածկվեցին։
ԱՍՊՐԱՄ.— էհ, ի՞նչ անենք։ Կինը հո փասյանից ավելի չի կարող մտածել։