Այս էջը հաստատված է

ՀԱՄՏՈՒՆ․— Հինգ հարյուր զինվորից ավելի չկա, բայց այդ Էլ մեծ ուժ է, քանի որ նրանց կառավարում են փորձառու և ընտիր զորապետներ։

ՋՈԼԱ.— Այսինքն ովքե՞ր։
ՀԱՄՏՈՒն.— Առաջին՝ իշխան Հասան-Ջալալը, որ հուսաբեկ զինվորին իսկ հոգի է ներշնչում։ Երկրորդ՝ նրա եղբայր ծերունի Զաքարեն, որի մազերը սպիտակել են պատերազմների մեջ, և երբեք չի հաղթվում ա՛յն գունդը, որին նա առաջնորդում է։ Երրորդ՝ Գուգարաց Սմբատ իշխանը, ոո լեռնականների ահ ու սարսափն է։ Չորրորդ՝ Ձորոգետի Ներսեհ իշխանը, որ նշանավոր է յուր միշտ աներկյուղ, և նամանավանդ հանդուգն քաջությամբ, և հենց այս վերջինն էր, որ ձեր գունդերը ջարդեց Մռավի մոտ։
ԲՈՒՐԱ.— Եվ մենք, ուրեմն, այդ վերջինին գլխատման կարժանացնենք, իսկ մնացյալները գերի վարվելով՝ կարող են մեզ ծառայել Սմրղանդի բաղնիքներում։
ՋՈԼԱ.— Բայց ինչո՞ւ այդ իշխանները հենց այս միջոցին հավաքվել են այդտեղ։ Մի՞թե Ջալալը մեր գալուստը գիտեր։
ՀԱՄՏՈՒՆ.— Ո՛չ, տեր իմ. նրանցից մի երկուսն յուր ազգակիցներն են, որոնք գրեթե միշտ գտնվում են իշխանի հետ, մյուսները հրավիրված են, որովհետև իշխանը հարսանիք ուներ։
ՋՈԼԱ.— Հարսանի՞ք։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛։
ԶՈԼԱ.— Որդի՞ն է ամուսնացնում։
ՀԱՄՏՈՒՆ.— Ո՛չ, տեր իմ. որդիքն անչափահաս են. նա ամուսնացնում է դուստրը։
ՋՈԼԱ․— Ո՞ւմ հետ։
ՀԱՄՏՈՒՆ.— Ձորագետի Ներսեհ իշխանի, որի համար ասացի թե՝ ձեր բանակը ջարդողն էր։ Նա Ջալալի աղջիկն առնում է իբր մրցանակ յուր հաղթության։