ՋՈԼԱ.․— Մի՞թե, ուրեմն մենք նրա համար ավելի լավ հարսանիք կանենք, քան կարող էր անել Հասան-Ջալալը։
ԲՈՒՐԱ․— (խղճահարվելով) Բայց ինչ որ էլ լինի, հորեղբայր, պետք է խոստովանել որ մեր արշավանքը վատ ժամանակ պատահեց։ Ես, գոնե, չէի կամենալ այսքան անգթաբար խանգարել մի ուրախություն։ Ես խղճում եմ Ջալալին։
ՋՈԼԱ․— Քեզ պես երիտասարդին բնական է խղճահարվիլը, բայց երբ իմ հասակը կառնես, այն ժամանակ կցանկանաս ավելի արդարությամբ պատժել՝ քան թուլությամբ խղճահարվիլ։
ՀԱՄՏՈՒՆ․— Ճիշտ ես հրամայում, տեր, որովհետև Ջալալը նույնպես կարող էր խղճալ ձեր զորքերին և չկոտորել տալ նրանց, բայց նա հակառակն արավ, համոզված լինելով թե' արդարությամբ պատժում է յուր թշնամիներին։
ՋՈԼԱ․— Կեցցես, իշխան, դու արժանի ես Աղվանից տիրապետը լինելու, և ես այդ պատվին կարժանացնեմ քեզ։ Միայն ասա, իրա՞վ, որ լսածիս չափ մեծ գանձեր ունի ձեր Ջալալ–Տոլան։
ՀԱՄՏՈՒՆ․— Գրեթե այնքան, որքան կարող էր ունենալ մեծափառ խանը։
ՋՈԼԱ․— Ճշմարի՞տ։
ՀԱՄՏՈՒՆ․— Ստել քո մեծության առաջ ինչպե՞ս կհամարձակվիմ։
ՋՈԼԱ․— (ուրախությամբ) Ա՜հ, ուրեմն մենք այս բերդի ստորոտից հեշտությամբ չենք հեռանալ։ Մենք կբանանք Ջալալի սնդուկները և կհրամայենք հենց իրեն' իշխանին, փոխադրել յուր գանձերը մեր լայն քսակները։
ԲՈՒՐԱ․— Հորեղբայր, միթե կարծում ես, թե այդ գանձերի մեջ կարող ես գտնել մի այնպիսի հազվագյուտ բան, որ մեր Թաթարստանը չունենա՞ր։ Չարժե ուրեմն այդքան ուրախանալ այն բանի համար, որից ինքդ շատ ունիս։
ՋՈԼԱ․— Երիտասարդ ես, Բուրա, երիտասարդ։ Երբ ինձ պես վաթսուն տարիքդ կառնես, այն ժամանակ, եթե կենդանի լինեմ, կհարցնեմ․ «Ինչպե՞ս է, որդի քո բարեկամությունը ոսկվո հետ», և դու կպատասխանես՝ «մտերմական է, հորեղբայր»։