Այս էջը հաստատված է


ՀԱՄՏՈՒՆ․— (Բուրային) Տեր-Նուին, Ռուզանն առանց այն էլ քոնը կլինի, բայց պետք է քո հոր համար Էլ բաժին տանես Ջալալի գանձերից։ Առանց օժիտի աղջիկ չեն առնիլ, այն էլ ամենահարուստ հայ իշխանի աղջիկը։

ԲՈՒՐԱ․— Իրավունք ունիս։ Բայց քանի որ, քո ասելով, այդքան զորություն կա Ջալալի բերդում, ուրեմն ո′չ մեր զորքերը նրա բերդը կառնեն, և ո′չ էլ ես' նրա աղջիկը։
ՀԱՄՏՈՒՆ․— Երկար պաշարումը կստիպե նրանց անձնատուր լինել։
ԲՈՒՐԱ․— Նախ՝ մենք չենք կարող երկար ամիսներով նստել այս բերդի տակ։ Երկրորդ պաշարյալները կարող են համառիլ և սովից մեռնիլ։
ՋՈԼԱ․— Ավելի լավ. թող բոլորը կոտորվին։ Այն ժամանակ մեր զորքերը անաշխատ կառնեն բերդը։
ԲՈԻՐԱ․— Բայց ես չեմ կամենում, որ այն աղջիկը ևս սովից մեռնի ամրոցում։
ՀԱՄՏՈՒՆ․— Ուրեմն, եթե ինձ կլսեք, ես ձեզ կտամ մի խորհուրդ, որով հեշտությամբ ձեր նպատակին կհասնեք։
ՋՈԼԱ․— Ասա′ տեսնեմ։
ՀԱՄՏՈՒՆ․— Հրամայեցեք այս շրջակա հայ գյուղերից հավաքել հազար հոգի, կին թե տղամարդ, աղջիկ թե երիտասարդ, մանուկ թե ծեր։ Դրանց բոլորին ձեռնակապ կանգնեցնել տվեք այս հովտում, որ հանդիպակաց է Ջալալի պալատին։ Հազար կապյալների ետևում թող կանգնեն հազար սուսերամերկ զինվորներ։ Ապա պատգամ ուղարկեցեք հալալին և հայտնեցեք նրան ձեր մեծությանց հրամանը, այն է' հանձնել ձեզ բերդը և յուր դուստրը։ Եթե կհամաձայնի' բարի, եթե ոչ հենց որ պատգամավորը կվերադառնա բացասական պատասխանով, իսկույն կհրամայեք հազար կապյալները կոտորել։ Այս միջոցը դուք գործ կդնեք ամեն օր, մինչև որ կամ Ջալալը, յուր հպատակների կոտորածը դադարեցնելու համար կհանձնե ձեզ բերդը և կամ ներսի իշխանները ապստամբելով՝ ամրոցը կմատնեն ձեզ։
ԲՈՒՐԱ․— Այդ հնարը լավ է, բայց չափազանց անգութ է։