Այս էջը հաստատված է


ՍՈԻՐԻԿ.— Ինչո՞ւ չէ, երբեմն սատանայից ավելի։

ԱՍՊՐԱՄ.— Սատանայից ավելի՞. այդ ե՞րբ է լինում։
ՍՈԻՐԻԿ.— Երբ կամենում է մի գաղտնիք զինքը սիրողից ծածկել։
ԱՍՊՐԱՄ.— Ես ոչինչ չեմ ծածկում քեզանից:
ՍՈԻՐԻԿ.— Ուրեմն ասա՛, ինչի՞ համար ես այդքան այս կողմերը հաճախում։
ԱՍՊՐԱՄ.— (մտախոհ) Ինչի՞ համար։
ՍՈԻՐԻԿ.— Հա՛, ինչու համար։
ԱՍՊՐԱՄ.— Գիտե՞ս, ի՞նչ կա: Կամենում եմ հարստացնել թե ՛քեզ և թե՛ ինձ։
ՍՈՒՐԻԿ.— Հարստացնե՞լ։
ԱՍՊՐԱՄ.— Այո։
ՍՈԻՐԻԿ.— Ինչպե՞ս. ոսկու հա՞նք ես գտել։
ԱՍՊՐԱՄ.— Պապաք իշխանն արել է ինձ մի հանձնարարություն, որը եթե հաջողությամբ վերջացնեմ, հարյուր ոսկի պիտի ստանամ։
ՍՈԻՐԻԿ.— Հարյուր ոսկի՞...
ԱՍՊՐԱՄ.— Այո՛, հարյուր ոսկի, մի դանկ ոչ ավել և ոչ պակաս։
ՍՈԻՐԻԿ.— Ի՞նչ հանձնարարություն է այդ:
ԱՍՊՐԱՄ.— (զգուշությամբ այս ու այն կողմը նայելով)
Իշխանը պատվիրել է ինձ՝ աշխատել, ինչ միջոցով ուզում է լինի, գրավել օրիորդ Ռուզանի սիրտը դեպի Համտուն իշխանը։
ՍՈԻՐԻԿ.— Ինչո՞ւ համար։
ԱՍՊՐԱՄ.— Որպեսզի Համտունը խլե Ներսեհից նրա հարսնացուն։
ՍՈԻՐԻԿ.— (զարմացած) Ինչպե՞ս։
ԱՍՊՐԱՄ.— Հենց այնպես ինչպես արծիվը խլում է բազեից նրա որսը։
ՍՈԻՐԻԿ.— Հասկանում եմ. բայց դու ի՞նչ կարող ես անել. չէ՞ որ Ռուզանը Ներսեհին է սիրում։
ԱՍՊՐԱՄ.— Այդ նշանակություն չունի. Ռուզանը Համտունին էլ կսիրե, եթե սրա օգտին աշխատող լինի։ Չէ՞ որ աղջիկները լավին սիրում են՝ քանի դեռ լավագույնը չկա, բայց հենց որ սա հայտնվում է, լավին մոռանում են: