Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Ջալալ իշխանի խորհրդարանը. աջ ու ձախ բացվում են երկու խոր, ընդարձակ դռներ, որոնք ծածկված են վարագույրներով: Սենյակի մեջտեղը սեղան և աթոռներ։


ՏԵՍԻԼ Ա
Ռուզան (խիստ վրդովված)


Եվ ուրեմն այսպես. թշնամին չէ գոհանում մեր հպատակությամբ և ղրկած ընծաներով, նա ինձ էլ պահանջում է յուր կնության, հակառակ դեպքում սպառնում է կոտորել հազարավոր անմեղներ... Եվ այս դժոխային լուրը ես լսեցի իմ ականջով, թեպետև ջանացին ծածկել։ Այո, լսեցի, սա ուրեմն երազ չէ և ոչ էլ ցնորք... վշտերից ծանրագույնը հասնում է ինձ հենց այն օրը, երբ ես այնքան մոտ էի երջանկությանը... Ո՞վ դառն ճակատագիր... Ուրեմն ես, դժբախտության աղջիկս, պատճառ պիտի լինիմ արյունահեղ կոտորածի՛. ես, որ մանկությունից սովորել եմ ծառայել իմ հոր ժողովրդին, ես, որ խնամել եմ նրա որբը, մխիթարել այրին, պատսպարել աղքատին, ես, որ անքուն հսկել եմ հիվանդների մահճի մոտ և իմ ձեռոք սրբել այնքա՛ն շատ արտասուք․ այսօր, ուրեմն, պատճառ պիտի լինիմ արյան ու անեծքի... օ՜ հ, ո′չ, անկարելի է. այդ չի պիտի լինի... իմ աչքերը չեն տեսնիլ այդպիսի աղետ., եթե պետք է զոհ, ապա թող զոհեն ինձ, թող ուղարկեն թշնամուն, թող մատնեն ինձ թաթարին, ես չեմ տրտնջալ, և ոչ էլ կհակառակեմ, միայն թե աղետը վերանա ժողովրդից... միայն թե նրա լացի ձայնը չհասնե իմ ականջին։ Ո՞վ է գալիս այստեղ։ (Նայելով վարագույրի ետևից) Հայրս և իշխանները. գալիս են խորհրդի, պահվիմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում... (մտնում է աջ դռան վարագույրի ետևը):