ԶԱՔԱՐԵ․— Պիտի մերժե՞նք։
ՆԵՐՍԵՀ․— Բացեիբաց։
ՄԱՄՔԱՆ․— Օ՜ , այդպես խոսիր, սիրելի որդյակ...
ՈԻՄԵԿ․— Իսկ այդ մերժման հետևա՞նքը։
ԶԱՔԱՐԵ․— Կլինի այն, որ բռնավորը կհրամայե կապյալները կոտորել։
ՆԵՐՍԵՀ․— Մենք թույլ չենք տալ այդ։
ԶԱՔԱՐԵ․— Ի՞նչ կարող ենք անել։
ՆԵՐՍԵՀ․— Մեր ունեցած ուժերով կհարձակվենք նրա դեմ։
ԶԱՔԱՐԵ․— Բայց այդ ուժն հինգ հարյուր զինվորից ավելի չէ, մինչդեռ թշնամին մեզ պաշարել է տասնյակ հազարով։ Եթե նրա հարձակումն անակնկալ չիներ, մենք կարող կլինեինք դրսի ուժերը ժողովել և քաջաբար դիմադրել․ բայց նա հասավ անսպաս և փակեց մեզ այստեղ՝ ինչպես զնդանում։
ՆԵՐՍԵՀ․— Խոխանաբերդն ամուր է և ունի առատ պաշար։ Մեր զորքի մի քառորդը կարող է պաշտպանել նրան, իսկ մնացածով մենք անակնկալ թշնամու վրա կհարձակվենք և եթե չկարողանանք մեծ կոտորած անել, գոնե կպատառենք մեզ փակող շղթան և կանցնենք շուտով Խաչենի հովիտը։ Այնուհետև հեշտ կլինի զորք ժողովել գավառից և անընդհատ հարձակումով նեղել թշնամուն։
ՍՄԲԱՏ․— Մինչև այն էլ Գուգարքից իմ զորքերը կհասնեն, և դրացի իշխանները մեր շուրջը կժողովվին։
ՄԱՄՔԱՆ․— Եվ աստծու աջը զորավիգ կլինի ձեզ։
ԶԱՔԱՐԵ․— Սիրելի որդյակներս, Հայրենիքի համար կռվիլը և նրա ազատության զոհվիլը մեծագույն փառքն է աշխարհի մեջ։ Այդ ճիշտ է։ Բայց պետք է զոհել այնտեղ, ուր հույս կա փրկության, զոհն ապարդյուն է, եթե նա յուր ետևից բերում է միայն կորուստ և թշվառություն։ Մեր զորքերն, այո՛, կարող են բեկանել թշնամու շղթան. նրանք հաջողությամբ կելնեն նաև դաշտը, բայց նրանց կհետևի բազմաթիվ թշնամին։ Հինգ հարյուր զինվորը չէ կարող ճակատել մի բյուր զորքի դեմ. նա փախուստ կտա կամ իսպառ կջնջվի։ Բացի այդ, մենք զորաժողովի համար պետք ունինք ժամանակի․ մինչդեռ թշնամին կազմ է և պատրաստ․ նա ոչ միայն կխանգարե մեր զորք ժողովելն այլև Խաչենք կավերե հիմնովին. նա սուր կքաշե անպաշտպան ժողովուրդը և գյուղերն ամեն տեղ կդարձնե մոխրակույտ։ Այս ամենը պետք է դուք աչքի առաջ ունենաք։